Բռնագաղթած հայերը Բաքվի էլիտար թաղամասերի ամենահարմարավետ տներում էին բնակվում. Գագիկ Եգանյան
Բաքվից Հայաստան բռնագաղթած անձանց ընդհանուր թիվը կազմել է 220 հազար մարդ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ միգարցիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ բռնագաղթած հայերն այդ տարիներին Ադրբեջանի հանրության սերուցքն էին կազմում։
Եգանյանը նշեց, որ Ադրբեջանից բռնագաղթածների հիմնական խնդիրն այսօր շարունակում է մնալ բնակարանային ապահովման հարցը։ Միջազգային դոնոր հանրության աջակցությամբ սկսած 1994թ.–ից՝ հայ փախստականների համար 4485 բնակարաններ և քոթեջներ է կառուցվել, 712 ընտանիքներ սեփականաշնորհել են իրենց հանրակացարանների սենյակները։ Սկսած 2004թ–ից՝ կառավարությունն իրականացնում է փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագիր, որի շրջանակներում արդեն նրանց բնակարանի գնման 1065 վկայագիր է հատկացվել։ Այսօր 1169 ընտանիքներ էլ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին։
Հայաստանի փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար, ըստ Եգանյանի, հարկավոր է 45 մլն ԱՄն դոլար գումար։
Նշված գումարն ստանալու նպատակով Հայաստանում այս տարվա մայիսի 17–ին միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ մեծ համաժողով կանցկացվի, որի նպատակը տարբեր երկրների կազմակերպություններին խնդիրը ներկայացնելն է և նրանց աջակցությունն ստանալը։
«Մարդիկ ավելի քան քսան տարի շարունակում են ապրել տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարաններում։ Դրանով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիություն ստացող փախստականների թիվը գնալով նվազում է»,– արձանագրեց Եգանյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանից բռնագաթղած հայերը երեք տարի է՝ անհատական հայցեր են ներկայացրել Եվրադատարան՝ ընդդեմ Ադրբեջանի կառավարության։ Ընդհանուր հայցերի թիվը 1100 է կազմում, որոնք արդեն ընդունվել են քննության։
«92 հազար ընտանիք եկավ Ադրբեջանից, որոնցից խլվեց նրանց ունեցվածքը։ Գաղտնիք չէ, որ հայերը Բաքվի էլիտար թաղամասերի ամենահարմարավետ տներում էին բնակվում։ Նրանց ոչինչ չի փոխհատուցվել»,– նշեց նա։
Եգանյանը նաև տեղեկացրեց, որ թեև փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի զբաղվածության և սոցիալական բոլոր ծրագրերից, սակայն նրանց շրջանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է։ Դա պայմանավորված է նրանով, որ տարբեր ծրագրերից օգտվելու առումով փախստականների իրազեկվածության մակարդակը ցածր է։










