Հայտնի են Թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական առաջին մրցույթի հաղթողները
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված լրագրողական առաջին մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և այլոք:
«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը շնորհվեց Սիրանույշ Մուրադյանին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այս անվանակարգում՝ երկրորդ տեղի համար ժյուրին ոչ ոքի մրցանակի չի արժանացրել:
«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում ևս մրցանակակիր չկար: Փոխարենը, «Հետք» պարբերականին շնորհվեց խրախուսական մրցանակ՝ տարիներ շարունակ թրաֆիքինգի թեմային հետևողականորեն անդրադառնալու համար:
«ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով» խորհրդի նախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ մամուլի ազատության օրվա առիթով և նշեց, որ ՀՀ-ում կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում մարդկանց շահագործման երևույթի՝ թրաֆիքինգի դեմ:
«Այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ պետականորեն իրականացվող աշխատանքները հասել են այն մակարդակի, որ անհրաժեշտ է հանրային աջակցություն: Վերջին տարիներին այս ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, բայց, ցավով նշում եմ, որ այն դեռ շարունակում է գոյություն ունենալ հայկական իրականության մեջ»,– ասաց նա:
«Անչափ շնորհակալ եմ, այն բոլոր կազմակերպություններին, որոնց հետ մենք վերջին տարիներին աշխատում ենք, ովքեր մեզ ուղղորդում են դեպի ճիշտ ճանապարհ»,- ասաց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և հույս հայտնեց, որ մրցանակաբաշխությունը կկրի պարբերական բնույթ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան միջոցառման ընթացքում ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված մամուլի ազատության օրվան:










