Երջանիկ Ավետիսյանն ամենևին էլ անուշադրության մատնված չի եղել. ՀԱՕԿ

15:55 • 14.06.12

Օրերս հայտնի հայ մարզուհի Երջանիկ Ավետիսյանը (հրաձգություն) «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին տված հարցարզույցում դժգոհել էր հայկական սպորտը ղեկավարող անձանցից' իրեն անուշադրության մատնելու համար: Մայիսին Եվրոպայի չեմպիոն հռչակված Ավետիսյանը հատկապես սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի ազգային օլիմպիական կողմիետին:


Armsport.am-ի հարցմանն ի պատասխան ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ Երջանիկ Ավետիսյանն ամենևին էլ անուշադրության մատնված չի եղել օլիմպիական կոմիտեից և 2011թվականից մինչ օրս մոտ 17մլն դրամի աջակցություն է ստացել:


ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունն ընդգծեց նաև, որ օլիմպիական կոմիտեի գործառությունների մեջ չի մտնում առանձին մարզիկներին դրամական օգնություն ցուցաբերելը. «ՀԱՕԿ-ի հիմնական գործառույթներն են օլիպիական գաղափարների տարածումը, սպորտի մասսայականացումը, ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին պատճաշ կերպով մասնակցելը: Այդուհանդերձ, Երջանիկ Ավետիսյանին դրամական օգնություն ցուցաբերվել է:


Չպետք է մոռանալ նաև, որ մարզիկներն իրենց առնչվող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանան տվյալ մարզաձևի ֆեդերացիայի ղեկավարությունից»:


Մամուլի քարտուղարությունում նշեցին նաև, որ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում ու այլ խոշոր մարզական միջոցառումների ժամանակ բարձր արդյունքներ գրանցած մարզիկները պարգևատրվում են տարեվերջում կազմակերպվող հատուկ երեկոյի ընթացքում:


Ավելացնենք, որ Երջանիկ Ավետիսյանն աշխարհահռչակ մարզուհի է, ով բազմաթիվ նվաճումների է հասել հրաձգությունում: 2012թ. գարնանը նա Հայաստանի դրոշի ներքո դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մինչ այս երկար տարիներ ներկայացնում էր Ռուսաստանը: Ավելորդ չէ նշել, որ Երջանիկի' Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո նրա ամուսինը' Գոռ Բարսեղյանը, ով նաև նշանավոր մարզուհու մարզիչն է, հարցազրույց էր տվել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ու որևէ խնդիր չէր բարձրացրել:

 

 Երջանիկ Ավետիսյանը «Ռեսպուբլիկա Արմենիայի» տված հարցազրույցում մեծ ոգևորությամբ է խոսել Ռուսաստանի մասին, սակայն ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նա լրիվ այլ կերպ էր արտահայտվել. «Վերջին տարիներին միայն 10 ոսկե մեդալ եմ բերել Ռուսաստանին և վիրավորված եմ։ Նրանք ինձ ասացին, որ թեև ես համարվում եմ ՌԴ թիվ մեկ հրաձգուհին, սակայն քաղաքական նկատառումներով ինձ չեն կարող ընդգրկել օլիմպիական հավաքականում։ Մտադիր եմ այսուհետ իմ երկրի համար մրցումների մասնակցել և պարտք ունեմ օլիմպիական ոսկե մեդալ նվաճել։ Ի դեպ, ցանկանում եմ, որ որդիներս էլ Հայաստանի պատիվը պաշտպանեն»: