Գալյա Նովենց. երկրորդ կյանք (բացառիկ լուսանկարներ)
Ինչու Աճեմյանը հրաժարվեց Նովենցից, ինչպես Գուլակյանը «հայտնաբերեց» նույն Նովենցին, ով էր շպարում դերասանուհուն, ով էր պարում նրա հետ, որքանով է նա «հայկական Աննա Մանյանին». Գալյա Նովենցի մասին այս և այլ անհայտ բացահայտումներ արեց, դերասանուհու մասին իր հուշերը Tert.am-ին բացառիկ կարգով ներկայացրեց ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը` Նովենցի ժամանակակիցն ու դասընկերը: Հովհաննիսյանի հուշերի շնորհիվ, իրականում, բացահայտվեց շատ ավելին` մի ամբողջ դարաշրջան` իր հայտնի անուններով ու անցքերով:
Պարոն Հովհաննիսյանն իր անձնական արխիվից տրամադրեց նաև բացառիկ լուսանկարներ, որոնցում արձանագրված են Գալյա Նովենցի առաջին բեմական հայտնությունները և որոնք նախկինում երբևէ չեն հրապարակվել:
Ինչպես Աճեմյանը հրաժարվեց Նովենցից
«1955 թվականն էր: Աճեմյանը մասնագիտականը չէր նշանակում. չէր ուզում ոչ Գալյային, ոչ ինձ, և մեզ հետ մի քանիսին»,- հիշում է Հովհաննիսյանը, - «Անկախ դրանից ես շատ լավ հարաբերությունների մեջ էի Աճեմյանի հետ, նույնիսկ կարծիքս էր հարցնում, ինքն էլ ինձ խորհուրդ էր տալիս` գնա բանասիրական, դու թատերագետ ես:
Ես, Գալյան ու մի քանի հոգի, ստուգարք չստացանք և դուրս էինք մնում: Գալյան զանգ տվեց ինձ տուն, թե` ի՞նչ անենք: Ասացի. «Ոչ մի բան, սուսուփուս կգնանք-կնստենք դասի»: «Ո՞նց»: Ասացի. «Ես պիտի գնամ-նստեմ»: «Ես էլ գա՞մ»: Ասացի` «արի, իհարկե, Գալյա»: Մենք գնացինք սուս-փուս երկրորդ սեմեստրում դասի նստեցինք: Աճեմյանը մտավ ասաց. «Դուք էստե՞ղ եք»...
Մենք համառորեն մնացինք: Ես բոլոր քննությունները գերազանց հանձնել էի, և միայն Աճեմյանի ստուգարքն էր, որ չէր նշանակում: Տարվա վեևջին ինստիտուտի ղեկավարությունը տեսավ, որ Աճեմյանն այնքան էլ ճիշտ բան չի անում. մտածեցին կամայականություն է, տարօրինակություն... Աճեմյանը բոլորի հետ հավասար չէր աշխատում: Մեզ հետ փորձեր չէր անում: Ինստիտուտի ղեկավարությունը` ի դեմս Արա Սարգսյանի, բան չասաց, թե ինչու եք գալիս դասի: Տարվա վերջին Արմեն Գուլակյանը, որ կուրսն արդեն ավարտացնում էր, ասել էր. «Վարդանն ում չի հավանում, ուղարկեք ինձ մոտ»: Եվ զուտ մեզ համար մի քանի էտյուդ հնարեցին, նշանակեցին 4, այսինքն` լավ: Շատ զարմացա, բայց այդ գնահատականները Աճեմյանը չէր նշանակել. Գուլակյանը Աճեմյանի չհավանածներին նշանակեց լավ: Հաջորդ տարի կանչեց իր կուրս, առանձին կուրս էր բացում` Աճեմյանի չհավանածներից: Հետագայում ես իմացա, որ այդպես անում է Գեորգի Տովստանոգովը (խորհրդային բեմադրիչ և մանկավարժ – Tert.am). ովքեր պիտի կտրվեն, դրանց է վերցնում: Շատ հետաքրքիր, ճիշտ մեթոդ է»:
«Գալյան դերասանուհի չէր դառնա, եթե...»
«55 թվի սեպտեմբերին Գուլակյանի դասարանում էինք: Գուլակյանը եկավ, ասաց. «Ձեզ հետ չեն աշխատել: Ինձ ոչ մեկի տաղանդը չի հետաքրքրում: Պետք է ճիշտ աշխատել: Ես կարծիք չունեմ ձեր մասին». հենց այդպես էլ ասաց: Ըստ նրա` մի մարդ կար պակաս մեր կուրսում, ասաց` նրան էլ կանչեք: Ինձ ասաց, ես կուրսի ավագն էի, թե գնա Արմենին կանչիր: Ջրիգարխանյանի մասին է խոսքը: Գնացի, Արմենին ասացի. «Կարպիչն ասում է` արի մեր կուրս»: «Ո՞նց»...
Գուլակյանն ասաց, որ այդ հարցը կլուծի:
Գալյայի տաղանդը բացահայտեց Գուլակյանը: Գալյան դերասանուհի չէր դառնա, եթե Գուլակյանի կուրս չընկներ»:
Նովենց. երկորդ կյանք
«Այսօր երբ Գալյայի մասին խոսվում է, ես մտածում եմ իմ ուսանողական դասընկերուհու մասին: Ես մոռանում եմ նրան` որպես ձևավորված և ճանաչված դերասանուհու: Սա բնական բան է առհասարակ, երբ մարդը հեռանում է կյանքից: Կյանքից հեռացավ 74-75 տարեկան Գալյան, իմ աչքի առաջ անմիջապես կենդանանացավ 17-18 տարեկան Գալյան: Ես այն տարիքում եմ, որ շատերին եմ կորցրել: Բոլորին երիտասարդ եմ հիշում: Մահից հետո մեր հիշողության մեջ մարդը երիտասարդանում է. ծնվում է նորից: Սկսվում է նրա երկորդ կյանքը: Երկրորդ կյանքը մնացողների հիշողությունն է»:
Առանց էպիտետների
«Չեմ ուզում գործածել գերադրական էպիտետներ: Մեր ուսուցիչը` Արմեն Գուլակյանը, մեզ դա արգելում էր: Ասում էր. «Երբեք չասեք` լավ, սքանչելի, հրաշալի, տաղանդավոր... Չգործածեք այս խոսքերը երբեք: Դա պահեք հազվադեպ անհատների` 2-3 հոգու համար` հայ թատրոնի պատմության մեջ: Դա հեշտ մի գործածեք: Դուք ասեք, թե ինչն ինչ է»: Օրինակ բերեմ, մեր ուսանող ժամանակ` 56թ.-ին, լույս տեսավ Ռուբեն Զարյանի «Սիրանույշ» աշխատությունը: Գուլակյանին հարցրեցինք, թե «կարդացե՞լ եք այդ գիրքը: Չպատասխանեք և գիտե՞ք ինչ ասաց. «Ես չեմ հավատում Սիրանույշի մեծությանը և չեմ հավատում անցյալից ոչ մեկի մեծությանը, եթե պիտի ասեն` նա հրդեհվում էր բեմում և այրվում անմնացորդ: Այ եթե այսպիսի խոսքերով պետք է ներկայացնեն, ես չեմ հավատա: Թող ինձ ասեն` ինչ էր անում: Միշտ կոնկրետ»: Մեզ դա է սովորեցրել»:
Ճշմարտության սրբազան սահմանագծին
«Գուլակյանը մեզ սովորեցրել է երբեք առաջ չընկնել սեփական զգացողությունից: «Սեփական «ես»-ից առաջ մի’ ընկիր: «Մտացածից, զգացածից առաջ մի’ ընկիր. դա կեղծ խաղ է». ասում էր նա: Գալյան` որպես դերասանուհի` ճիշտ դրա դրսոևորումն է: Նա երբեք իր անձից առաջ չի ընկել, իր զգացողությունից, իր ներքին տեսողությունից, ես կասեմ` կերպարի ներքին ձևից նա երբեք ավելի առաջ չի վազել:Այսինքն միշտ գտնվել է ճշմարտության սրբազան սահմանագծին. սկզբունքն այս է: Եվ եթե ես պետք է բնութագրեմ Գալյա Նովենցին` որպես դերասանուհի, կարող եմ այս ասել. նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի դերակատարման մեջ չկա ձևացման տարր: Նա լինում է դերում. այսքանը:
Կեղծիքը, սուտը հակառակ էր իր բնավորությանը, իր մարդկային տեսակին: Եվ որքան ներդաշնակ էր որպես կին, որպես անձնավորություն, այդքան էլ ներդաշնակ էր արվեստում»:
Տաղանդը Գալյայի ճակատին գրված չէր
«Եթե խոսում ենք դերասանի / դերասանուհու օժտվածության մասին, պետք է ելնենք այն պարզ սկզբունքից, որ ժամանակին ձևակերպել է Ստանիսլավսկին. «Տաղանդը շատ խոր թաքնված է մարդու հոգում, շատ դժվար է դա դուրս բերել»: Շարունակելով` ասեմ, որ միջակ մարդիկ իրենց շատ արագ և անմիջապես են դրսևորում: Օժտված մարդիկ դրսևորվում են դժվար և դանդաղ: Ինչո՞ւ: Որովհետև օժտված մարդկանց արժանապատվության զգացումը շատ խորն է, նրանք միշտ զգուշանում են նսեմացումից և այդքան հեշտ ցույց չեն տալիս իրենց արժանիքները: Իրենց ունեցած-չունեցածը ճակատներին գրած ման են գալիս բոլոր ապաշնորհներն ու միջակները: Ես սա իմ դիտումներից ու իմ փորձից եմ ասում:
Տաղանդը Գալյայի ճակատին գրված չէր: Նրա ներսում էր, դրա համար էլ ես նրան որակել եմ «ներքին տարերքի դերասանուհի»: Եվ այս ներքին տարերքը դրսևորելու համար հետևյալը պետք եկավ Արմեն Գուլակյանը բեմադրության մեջ: Սունդուկյանի «Կտակն» էր բեմադրվում, որտեղ գլխավոր դերը Գալյան էր խաղում: Ընդամենը մի ֆրազ, մի բացականչություն. «Ի՞նչ ես անում էստի»: Դրանից էր դերը սկսվում: Գուլակյանը մի ֆրազով միանգամից բացահայտեց Գալյայի շնորհքը: Ի դեպ, դրամատիկական և նուրբ խարակտերային: Գալյան սուր խարակտերային չէր: Ասել զուտ մաքուր դրամատիկական հերոսուհի, ճիշտ չի լինի: Դրամատիկ զգացմունքները նա ի հայտ էր բերում բնավորության կամ տիպի կոնկրետության մեջ: Նրա խաղում վերացական վիճակ չկա: Նրա հերոսուհին ունի ծննդավայր, ազգություն, միջավայր, իր նեղ ու լայն միջավայրը, իր ազգային և նույնիսկ թաղային նկարագիրը: Սրանք բոլորը բեմական ճշմարտության և ռեալիզմի պահանջներն են արվեստում»:
Այսպիսին էր մեր դպրոցը
«Նկատի ունենանք նաև հետևյալը. մեր ուսանողական տարիներին նոր և շատ էին ցուցադրվում իտալական նեոռեալիստական ֆիլմերը, և մեր չափանիշները դրանց ազդեցությամբ էին ձևավորվում: Մեր դերասանական իդեալները տղաների համար դառնում էին Ռալֆ Վալոնեն, Մասիմո Ջիրոտին և մյուսները: Իսկ աղջիկների համար այդպիսիք կարող էին լինել Աննա Մանյանին, Մոնիկա Վիտտին կամ Սիլվանա Պամպանինին: Ինստիտուտը կինո «Նաիրիի» մոտ էր, և մեր երկրորդ դպրոցը այդ կինոնկարներն էին: Չեմ ասում, թե մենք հասնում էինք դրան: Ամենևին: Մենք շատ հեռու էինք դրանից, մենք երբեք այդ վարպետությանը չէինք հասնում, բայց խնդիրն էլ դա չէր: Մենք մեր չափանիշն ունեինք և քննադատորեն էինք նայում Սունդուկյանի անվան թատրոնի շատ լուրջ բեմադրություններին և լուրջ դերակատարումներին... Եթե այսօր դրանք կենդանանային, դասական արժեքներ կհամարվեին նույնիսկ: Մենք այդպես ենք ձևավորվել և ամենակարևորը` Արմեն Գուլակյանի խստաշունչ ու խստաբարո հայացքի տակ, որը հայ թատրոնի ամենապրոֆեսիոնալ ռեժիսորն էր: Ես սա միշտ ասում եմ: Խորեն Աբրահամյանն էլ սրա մասին շատ է ասել, որ Գուլակյանը ամենաուժեղ թատերական մանկավարժն է: Եվ եթե Գալյան չհանդիպեր Գուլակյանին, կարող է չիմանար, որ ինքը դերասանուհի է: Իսկապես: Եվ փաստորեն մեր կուրսում, որ 13 հոգի էինք, 6 տղա և 7 աղջիկ, եղավ այնպես, որ դուրս եկավ մեկ դերասանուհի, քիչ չէ, 7-ից մեկը շատ լավ արդյունք է, և 6-ից մեկը շատ հայտնի Արմեն Ջիգարխանյանը. դա էլ շատ լավ արդյունք է: Դե, 6-ից մեկն էլ ձեր խոնարհ ծառան` ես էլ , ասեմ թատերագիտության մեջ երկրորդական դեմք չեմ 40 տարուց ավելի, մի խոսքով դժգոհ չենք, միանգամայն նորմալ էր արդյունքը: Իսկ եթե նկատի ունենանք Գուլակյանի նախորդ կուրսը, ապա աչքներիս առաջ հառնում է միանգամից Խորեն Աբրահամյանը: Նրա կողքին ես կարող եմ Նինել Դալլաքյանի, Շահում Ղազարյանի անունները տալ: Այսպիսին էր մեր դպրոցը: Գալյան էլ մեր դպրոցի, մեր չափանիշների, մեր ձգտումների, մեր գեղարվեստական իդեալների և թատրոնի մեր պատկերացումների դրսևորումն էր: Եվ այդ առումով շատ թանկ է նրա հիշատակը ինձ համար»:
Ամաչելով սիրահարներ ենք խաղացել
«Ես ու Գալյան բեմում իրար հետ սիրահարներ ենք խաղացել` ամաչելով իրարից և հանդիսատեսից: Ինքը շատ պարկեշտ անձնավորություն էր: Մարդկային նկարագրով նա շատ համեստ էր, զուսպ, շատ անհավակնոտ, նա հավակնություններ չուներ, իր մասին մեծ պատկերացումներ չուներ, շատ համեստ կարծիք ուներ և առօրյայում, կենցաղում, ընկերների մեջ նա շատ սիրելի, հանգիստ աղջիկ էր: Բոլորս էլ իրեն սիրում էինք կուրսում: Ճիշտն ասած, մեր միջավայրը լավ միջավայր էր»:
Բոլորն ուզում էին Գալյայի հետ պարել
«Գալյան շատ լավ պարում էր: Եվ Զավեն Մուրադյանին` մեր պարուսույցին, հարցրեցինք, թե Գալյան կարո՞ղ էր բալետում լինել: Ասաց, որ արդեն ուշ է, բայց եթե աշխատի, կորդեբալետ կարող է մտնել: Պարի դասերին, դե, ունեինք, մեր պարտնյորները, և բոլորը ուզում էին Գալյայի հետ պարել. իհարկե նրանք, ովքեր պարել գիտեին: Մեզ մոտ 2-3 հոգի կային, որ առհասարակ պարել չէին կարող: Դասի ժամանակ մոտենում էինք Գալյային ու հարցնում. «Էսօր Արմե՞նի հետ ես պարում, թե՞ ինձ հետ»:
Պարտադիր չէ ունենալ հայկական Աննա Մանյանի
«Ես դեմ եմ Գալյա Նովենց-Աննա Մանյանի համեմատությանը: Մարդն առհասարակ անկրկնելի է: Երբ ասում են` անփոխարինելի մարդիկ չկան, դա ամենալկտի, ամենացինիկ խոսքն է: Ամենայն մարդ անփոխարինելի է: Երբ բանը վերաբերում է դերասանին, (իսկ դերասանությունն ամենամարդկային արվեստն է), ապա ամեն մեկն ինքն իրեն է նման: Պարտադիր չէ ունենալ հայկական Աննա Մանյանի: Բոլորովին դրա կարիքը չկա: Մենք կարող ենք ասել Գալյա Նովենց, որ իր տեղն ունի մեր կինոյում, իր գույնը, իր տեսակը, իր չկրկնվող տեսակը և սա մեզ համար շատ թանկ ու կարևոր է: Համեմատելով մենք ավելի չենք կարևորում նրան: Ես կարևորում եմ մեր միջավայրը, որտեղ նրա անունը և տեսակը շատ թանկ են մեզ համար: Եվ, իհարկե, անփոխարինելի: Մեկ ուրիշը կգա, ուրիշ բան կանի: Արվեստում համեմատությունն առհասարակ ճիշտ բան չէ: Առանց համեմատելու»:
... իրար չէինք դիմում` «կյանքս»
«Միջադեպեր չեմ կարող հիշել մեր հարաբերություններից. մեր սերունդն այլ էր, շատ ուրիշ տեսակ էր: Իրար չէինք դիմում «կյանքս» կամ նման ձևերով, այդպիսի խոսքեր իմ ու Գալյայի հարաբերություններում չկային: Մենք շատ ավելի պարզ էինք, միշտ էլ խուսափել ենք ավելորդ որակումներից: Ես դեմ չեմ, ամեն սերունդ թող իր նկարագիրն ունենա, բայց մեր սերնդի մեջ սեթևեթանք չկար: Այնպիսին էինք, ինչպիսին կանք: Այն ժամանակ Երևանում չկար ոչ մի սրճարան: Կար մի հատ կիսատ-պռատ պոնչիկանոց: Ինստիտուտում չկար բուֆետ. ուրեմն չկար սրճարանային շփում: Հանգամանքները նույնպես այլ որակի շփում էին ստեղծում: Շփվում էինք ընդմիջումներին և ներկայացումների ժամանակ, մեր ժամանակ պրակտիկա կար, որ ավարտող ուսանողը պետք է առնվազն 50 անգամ խաղացած լիներ հանդիսատեսի առաջ: Եվ Գուլակյանը ստեղծել էր լիարժեք փոքրիկ թատրոն` ձևավորումով, գրիմով, զգեստով, լույսով, երաժշտությամբ, ամեն ինչով: Եվ մենք տոմս էինք վաճառում: 2 տարի, դասերից բացի, մենք աշխատում էինք այնպես, ինչպես թատրոնում:
Մենք անչափ զսպված սերունդ էինք: Մենք ինչ-որ չափով կաշկանդված էինք, և չգիտեինք, որ կաշկանդված ենք:
Նկատի ունենանք, որ 56 թվին էր: 53 թվին գյոռբագոռ եղավ «ժողովուրդների հայրը», իսկ 56 թվին մենք իմացանք, որ նա դահճապետ էր: Մեր ինստիտուտի սրահից նրա կիսանդրին տարան դրեցին մի փակ տեղ` մի փոշոտ անկյուն: Նստած էինք բակում` Արմեն Ջիգարխանյանի հետ: Արմենն ասաց. «Չհավատաս, թե մի օր Պուշկինի կամ Տոլստոյի հետ էդպես վարվեն: Էդ բանը չի լինի: Բայց բոլոր քաղաքական լիդերների վերջը դա է: Տանելու են մի անկյունում, մի աղբանոցում խցկեն»:
Ես էի նկարում կուրսի աղջիկների աչքերը
Այսօր աղջիկները ներկում են, նկարում իրենց աչքերը, այն ժամանակ դա չկար: Բոլորն իրենց աչքերով և հոնքերով էին: Բայց մենք ունեինք գրիմ առարկա. օպերայի գրիմյոր Ավետիք Մաճկալյանը գրիմ էր սովորեցնում, տոն և այլն: Մեր աղջիկները չէին կարողանում հոնք նկարել կամ գիծ քաշել:
Մի օր ներկայացումից առաջ Գուլակյանը մտնում է գրիմանոց, փոքր սենյակ էր` բոլորս հայելիների մոտ նստած, աղջիկները բոլորը տոնը քսել ու նստել են: Ասում է` ինչո՞ւ չեք շարունակում: Ասում են` սպասում ենք Հենրիկը գրիմը վերջացնի, գա մեր աչքերը նկարի: Գուլակյանի ծիծաղը բռնեց:
Ես էի նկարում կուրսի բոլոր աղջիկների աչքերը:
լուսանկարները` Հենրիկ Հովհաննիսյանի անձնական արխիվից
1.Դրվագ Մոլիերի «Ծիծաղելի սեթևեթուհիները» պիեսի բեմադրությունից, Գալյա Նովենցը աջից երկրորդն է, ի դեպ` պլաստիկ գրիմով` քիթը «դնովի» է: Աջից երկրորդը Ջիգարխանյանն է: 1958թ.
2.Դրվագ նույն ներկայացումից: Պատշգամբում` Հենրիկ Հովհաննիսյանը, կենտրոնում` Գալյա Նովենցը և Արմեն Ջիգարխանյանը
3.Սունդուկյանի «Կտակի» բեմադրությունից հետո` խմբակային լուսանկար: Գալյա Նովենցը աջից 2-րդ շարքում է, առանց գրիմի: Կենտրոնում Գուլակյանն է: Հովհաննիսյանը աջից 3-րդն է` նստած:










