Լրացուցիչ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ. Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ նախարարությունը միջոցներ է միջոցներ է ձեռնարկում՝ խրախուսելու մարզերի բժիշկների աշխատանքը։
«Իմ գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Առաջին քայլերից մեկն արված է. օգոստոսի 1-ից՝ իմ հրամանով, մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են»,– ասել է նա։
«Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը: Իսկ մինչ կադրերով ապահովելը՝ մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,- ավելացրել է նախարարը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանի և ոլորտի պատասխանատուների հետ նախարար Դումանյանը քննարկել է մարզի բժշկական հաստատությունների ընթացիկ տարվա անցած ամիսների արդյունքները, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
Մարզպետի ուղեկցությամբ նախարարն այցելել է Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Հաղարծինի բուժհաստատություններում։ Տեղերում բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել, որոնց լուծման համար ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության պատասխանատու պաշտոնյաներին։
Տավուշ կատարած նախորդ այցի ընթացքում տեղում քննարկվել է Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը, Դերենիկ Դումանյանը ծանոթացել է սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների բնակչության բժշկական սպասարկման խնդիրներին։










