Մահացել է հայ ժամանակակից բժշկության նահապետ Սուրեն Ավդալբեկյանը

14:45 • 10.03.13

Այսօր վաղ առավոտյան Երևանում կյանքի 92-րդ տարում մահացել է բժիշկ- վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Քրիստափորի Ավդալբեկյանը: Այս մասին Tert.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց նրա որդին՝ Արմեն Ավդալբեկյանը:

Նշենք, որ նրա՝ Սուրեն Ավդալբեկյանի անունով է կոչվում Առողջապահության ազգային ինստիտուտը:


Վաղը Նոր Նորքի եկեղեցում՝ժամը 17- տեղի կունենա Սուրեն Ավդալբեկյանի հոգեհանգստյան արարողությունը:


Սուրեն Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի մեկին, Սուխումի քաղաքում։
Մեծ հայրենական պատերազմի տարիներին՝ 1943-1945 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտն ավարտած Սուրեն Ավդալբեկյանը, որպես առաջատար վիրաբույժ, նշանակվում է ՝ Մոսկովյան ռազմական տարածաշրջանի էվակոհոսպիտալում:
Պատերազմի ավարտից հետո՝1946 թ.-ին, Ավդալբեկյանը աշխատում էր Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում որպես օրդինատոր, ամբիոնի ասիստենտ։ Այդ տարիներին, առաջիններից մեկը երկրում, նա ներդրեց ներշնչափողային անզգայացումը Հայաստանում։


Սուրեն Ավդալբեկյանն առաջինը հանրապետությունում կատարեց թոքերի մասնահատումներ, վիրահատություններ՝ միջնորմի, կերակրափողի վրա, էլեկտրասրտախթանիչի ներդրումը սրտի մեջ, ինչպես նաև՝ առաջին անգամ Խորհրդային Միությունում կիրառեց թոքերի խոռոչների տրանսպարիետալ կաթետերավորումը, դեղանյութերի ռեգիոնար ներաորտալ ներարկումը, ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստումը։


1962թ.-ին Ս.Խ. Ավդալբեկյանն ստեղծեց Երևանի բժշկական ինստիտուտի կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնը և թորակալ վիրաբուժության կլինիկան։ 1963 թ-ին, Ս.Խ. Ավդալբեկյանի նախաձեռնությամբ, Երևանի բժշկական ինստիտուտի բժիշկների կատարելագործման փոքր ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց համամիութենական նշանակության Բժիշկների կատարելագործման ինստիտուտը, որի անփոփոխ ռեկտորն էր 25 տարիների ընթացքում։


Գիտաբժշկական գործունեության, հայրենական բժշկության և առողջապահության մեջ հատուկ վաստակի համար, 1977թ-ին Ս.Խ.Ավդալբեկյանն ընտրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1990 թ-ին, աոաջինը Հայաստանի վիրաբույժներից` ակադեմիկոս:

 

Սուրեն Ավդալբեկյանը մոտ 200 գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է։
 

Կենսագրության մասին տեղեկությունները և լուսանկարը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կայքից 

Մահացել է հայ ժամանակակից բժշկության նահապետ Սուրեն Ավդալբեկյանը