Ստեփանակերտի «ջրային» առաջարկը՝ «կոշտ հիդրոաշխարհաքաղաքականություն» վարող Ադրբեջանին
Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի տեսակետին, հայտնել էր, որ պատրաստ են փոխշահավետ գործակցության պայմաններում Սարսանգի ջրամբարի ջուրը տրամադրել Ադրբեջանին, ի պատասխան հարցի, թե սա բարի կամքի դրսևորում է, ասաց. «Իհարկե, բարի կամքի դրսևորում կա, բայց ստեղ նաև տնտեսական տարր կա: Այսինքն՝ մենք բարեկենդան չենք, որ մեր ռազմավարական ապրանքը կամ ռեսուրսը հենց այնպես տանք մի պետության, որը, մեղմ ասած, թշնամաբար է վերաբերվում մեզ»: Ստեփանակերտի խոսնակը հասկացնել տվեց, որ Ադրբեջանի շահերից է բխում, որ առաջարկն ընդունվի, քանի որ Արցախը կառուցում է ջրային ներքին ցանցերի համակարգ, որի ավարտից հետո էլ համագործակցության կարիք չի լինի:«Իրենց շահերից էլ է բխում: Եթե չեն ուզում Աստված իրենց հետ»,- ասաց Դ. Բաբայանը:
-Պարո՛ն Բաբայան, հայտնել էիք, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ այսպիսով արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված տեսակետին:
- Ոչ թե համատեղ օգտագործել, այլ մենք պատրաստ ենք այդ ջուրը նաև մատակարարել Ադրբեջանին: Սրանք տարբեր բաներ են: Սա համատեղ սեփականություն չէ, որ մենք համատեղ ձևով այն օգտագործենք:
-Իսկ սա բարի կամքի դրսևորո՞ւմ է:
-Իհարկե, բարի կամքի դրսևորում կա, բայց այստեղ նաև տնտեսական տարր կա: Այսինքն՝ մենք բարեկենդան չենք, որ մեր ռազմավարական ապրանքը կամ ռեսուրսը հենց այնպես տանք մի պետության, որը, մեղմ ասած, թշնամաբար է վերաբերվում մեզ: Բայց մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք, որպես անկախ պետություններ պիտի գոյատևենք: Այդպես է իրավիճակը: Դրա համար ասում ենք՝ «եկեք որպես 2 պետությունների միջև համագործակցության սկիզբ, սկսենք փոխշահավետ համագործակցություն»: Նորից եմ կրկնում՝ սա համատեղ օգտագործում չի կարող լինել, սա կարող է լինել միայն փոխշահավետ համագործակցություն:
- Ծանո՞թ եք հակամարտության մեջ գտնվող երկրների դիվանագիտական հարաբերություններում համագործակցության նման նախադեպեր երբևէ եղե՞լ են:
-Կան նախադեպեր, ճիշտ է՝ դրանց մեծ մասը չի իրականացվել, բայց կա օրինակ՝ Մեռյալ ծովի նախադեպը, որպեսզի այն փրկեն ցամաքելուց, գումարած շրջակա միջավայրի խնդիրները, ստեղծեցին, այսպես կոչված, «Խաղաղության ջրատար», որը պիտի Կարմիր կամ Միջերկրական ծովից ջուրը բերի Մեռյալ ծով հասցնի և դրանից պիտի օգտվեն Պաղեստինը, Իսրայելը, Հորդանանը: Սա էլ է տարբերակ, բայց այնտեղ էլ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, սա առաջարկ է, գործնական առաջարկ է: Մենք օրինակ՝ կարող ենք նրանց տրամադրել ջուր ինչ-որ մի բանի դիմաց, օրինակ՝ նավթի: Այսինքն՝ փոխշահավետ տնտեսական առումով բարի կամքի դրսևորում, բայց երբեք այն չի կարող լինել միակողմանի ու տնտեսապես ոչ արդարացված քայլ:
- Իսկ իրենցից նման առաջարկներ եղե՞լ են, թե Ղարաբաղը առաջինն է արձագանքում Ուորլիքին:
- Դա մինչև Ուորլիքն է եղել, 1998-1999 թվականներին պաշտոնական Ստեփանակերտը այդպիսի առաջարկներ արել է և բոլոր նախագահները մինչև Ուորլիք այդ մասին տեղյակ են: Իրենք միշտ այդ հարցը բարձրացնում են՝ բոլոր բանակցությունների ժամանակ:
-Եթե Ադրբեջանը արձագանքի, Ղարաբաղը Սարսանգի ջրամբարի ընդհանուր ջրի ո՞ր մասն է պատրաստ հատկացնել:
-Այս ամենն արդեն բանակցությունների արդյունք կարող է լինել: Ասեմ միայն մի բան, որ Ադրբեջանը շատ կոպիտ, կոշտ քաղաքականություն էր վարում, «հիդրոաշխարհաքաղաքականություն» և ժամանակին՝ երբ Արցախը դեռևս ինքնավար մարզ էր, նրան զրկել էր իր սեփական ջրային ռեսուրսներն օգտագործելուց: Օրինակ՝ կառուցում էր ջրամբարներ նախկին ԼՂԻՄ-ի գետերի վրա, որոնք գտնվում էին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս: Հետևաբար, մենք չէինք կարողանում այդ գետերի ռեսուրսն օգտագործել, որովհետև սոցիալիստական համակարգի ներքո ասում էի՝ «Հենա, ներքև կա, սա արդարացված չէ և այլն»: Սարսանգը միակն է, որ կառուցվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում, որովհետև աշխարհագրական այլ տարբերակ չկար: Բայց Սարսանգի ջրերը ոռոգում էին 128 000 հա տարածք, որից Արցախին բաժին էր ընկնում ՝ 10-15 000-ը: Այսինքն՝ մնացածը գնում էր Ադրբեջան, որի վերահսկողության ներքո էր գտնվում կառավարման հանգույցը: Ներկա դրությամբ, իհարկե, նրանք ջուր չեն ստանում, քանի որ մենք օգտագործում ենք Սարսանգը մեր կարիքների համար, և Սարսանգը պետք է օգտագործվի առաջին հերթին հիդրոէներգիա, և երկրորդ՝ ոռոգման համար: Ոռոգման համար մենք դեռևս չենք կարողանում օգտագործել, որովհետև ցանցերը մնացել են այնտեղ, բայց հիմա աշխատանքներ են գնում, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի այդ ոռոգման համակարգը: Այսինքն՝ Ադրբեջանը դեռևս ժամանակ ունի համաձայնելու, քանի որ արդեն հետո, երբ վերականգնենք ամբողջությամբ ջրային այդ բաշխիչ ցանցերը, այն ժամանակ մենք այլևս կարիք չենք ունենամ տնտեսական այս ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցելու:
-Այսինքն՝ ժամանակը հոսում է ոչ Ադրբեջանի օգտին:
-Միանշանակ, որովհետև այդ բոլոր 120 000 հեկտարն այնտեղ է. անապատացման գործընթացներ են գնում, մարդիկ զրկվում են աշխատանքից: Ադրբեջանցիները փաստարկ են բերում, որ դա մեզ պետք չէ,նավթը ավելի շատ գումար է բերում, բայց ուշադրություն չդարձրին մարդկանց կարիքներին ու դրա համար այնտեղ ստեղծվել է շատ ծանր իրավիճակ: Իրենց շահերից էլ է բխում: Եթե չեն ուզում Աստված իրենց հետ, չենք էլ տա; Բայց պետք է այդ պահը օգտագործեն և հասկանան, որ տնտեսական շահավետության մոտենում է ավարտին:
-Իսկ Սարսանգի ջրամբարի ջուրը ԼՂ-ի կողմից ամբողջությամբ օգտագործվո՞ւմ է, չկա՞ ավելցուկ:
-Էլեկտրաէներգիա արտադրելու համար, այո՛, ամբողջությամբ օգտագործում ենք, բայց ստիպված ենք այն օգտագործել ձմռանը, քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու ժամանակ ջուրը գնում է նաև Ադրբեջան: Ձմեռն ենք օգտագործում, նրանք էլ չեն կարողանում ամառն օգտագործել:
-Իսկ Ադրբեջանը հիմա էլ է շարունակո՞ւմ իր այդ «հիդրոաշխարհաքաղաքականությունը»:
-Միանշանակ շարունակում է: Այս համատեքստում շատ կարևոր է, և մենք բոլորս խոսել ենք այն մասին, որ մեր Արցախի Քարվաճառի շրջանում, որտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարների մեծ մասը՝ Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը,և նույն Ադրբեջանն ամեն տեղ բարձրաձայնում է, թե, իբր, հայերը այդտեղ թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները: Սա, բնական է, սուտ է, բայց ինչի՞ համար են անում: Անում են, որովհետև նրանք պատրաստվում են ինչ-որ ձևով այս տարածքը գրավեն, թունավորեն այդ ջրային պաշարները և հետո ասեն, որ դա հայերն են արել, որովհետև այդքան ժամանակ այնտեղ թափոններ էին թաղվում: Եվ հիմա էլ այդ նույն Սարսանգի ջրամբարի տեսանկյունից անընդհատ եվրոպական տարբեր կառույցներում ինչ-որ անհեթեթ հարցադրումներ են բարձրացնում:










