Թուրքիայի Վաքըֆլը գյուղում մնացած վերջին քեսաբահայերը մեկնել են Քեսաբ
Սիրիայի քաղաքական պատերազմը մոտ է 4-րդ տարին բոլորելուն։ Սիրիայում շարունակվող պատերազմն այս տարվա մարտի 21-ին հարվածել էր նաև Քեսաբ հայաբնակ ավանին, իսկ կառավարական զորքի կողմից հունիսի 15-ին ավանը վերագրավելուց հետո Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը սկսեցին ետ դառնալ պապենական օրրանը։
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ Քեսաբ է վերադարձել նաև թուրք-սիրիական սահմանի թուրքական կողմում գտնվող Վաքըֆլը գյուղում ապաստանած հայերի վերջին խումբը։ Վեց հայեր հատել են Յայլադաղըի սահմանադուռն ու հասել են իրենց քաղաքը։
Լորա Պայթար Չափարի՝ «Ակօս»-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վաքըֆլըում հաստատված 18 քեսաբահայերը մայիսի 15-ին հասել էին Բեյրութ և տեղավորվել էին իրենց հարազատների մոտ, իսկ ոմանք էլ՝ Բեյրութի ծերանոցներում։
Ծերանոցում տեղավորվածներից Զավեն հորեղբայրը (Զավեն Հովսեփյան) չկարողացավ դիմադրել այս վերջին վայրիվերումներին և, հարգելով «Քեսաբից բացի այլ տեղ ապրել չկարողանալու» իր խոստումը, հեռացավ այս աշխարհից։ Լութեր Թրթըրյանը մահացել է ապրիլի 24-ին՝ Քեսաբում, իսկ Լաթաքիայից ստացվել է 94-ամյա Գարուն Տեր-Սահակյանի մահվան գույժը։
Միայն 6 քեսաբահայեր փաստաթղթերի բացակայության պատճառով մնացել էին Վաքըֆլը գյուղում։ Մեկուկես ամսվա սպասումից հետո վերջապես նրանք էլ տունդարձի ուրախությունն են զգում։ Վաքըֆլը գյուղից Յայլադաղըի սահմանադուռը տանող ճանապարհը 40 րոպե է տևում։ Ընկերակցում եմ նրանց՝ մինչև վերջին պահը լսելու նրանց տպավորություններն ու զգացողությունները։
Եսայի Այնթապլյանը 300 ոչխարից բաղկացած հոտ ուներ Քեսաբում, բայց այսօր անգամ տուն չունի։ «Երկու ոչխար ունենալով էի սկսել կյանքս, ոչինչ, նորից կսկսեմ։ Եթե անգամ իմանամ, որ նորից պետք է փլուզեն, կրկին կկառուցեմ տունս։ Մենք մեր կամքով չէինք լքել մեր տները։ Մտքովս անգամ չէր անցել։ Սևամորուքներն եկան ու ոչխարներս տարան, մեզ էլ գերեվարեցին»,- ասում է նա։
Մովսես հորեղբայրն էլ է կիսվում իր զգացողություններով։ «Ես հավատացյալ մարդ եմ։ Աստծուն եմ վստահում։ Աստված ճամփա կբացի մեզ համար։ Երկու ժամ անց Քեսաբում կլինենք»,-ասում է նա։
Օվսաննա տատիկն անկողնային է։ Նրան տեղավորում ենք շտապօգնության մեքենայում, և մենք էլ Սամանդաղի նահանգապետարանի տրամադրած միկրոավտոբուսով մեկնում ենք սահման։
Այնթապլյանների դուստրը՝ Անին, Վաքըֆլըից փողածաղկի մի շյուղ է վերցնում հետը՝ Քեսաբի իրենց տան պարտեզում տնկելու համար։ Այդ ծաղկով է հիշելու այստեղի օրերն ու մեր բարեկամությունը։
Դուք մի' խաբվեք սահմանադուռ բառից։ Իրականում դա մի սահմանաքար է, որ մեր վարորդն անգամ չէր նկատել ու շարունակում էր երթը։ Սիրիացի զինվորների ազդանշանից հետո միայն հասկացանք, որ անցել ենք սահմանը։ Հասել էր հրաժեշտի պահը։ Գրկախառնվում ենք մեր ազգակիցների հետ և նրանց հանձնում ենք իրենց հարազատներին, որոնք եկել են դիմավորելու։ Այս պահին կրկին տեսնվելու հույսն է մեզ պատում։ Մինչ նոր տեսություն, բայց ավելի խաղաղ ու երջանիկ օրերում...»։










