Հունվարի 1-ից հայ կանոնավոր միգրանտների կյանքը հեշտանալու է. Գագիկ Եգանյան
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, անդրադառնալով 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուն, ասում է, որ ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր:
Բացի բյուրոկրատական քաշքշուկները, կարևոր խնդիր է նաև պետտուրքեր վճարելու պահանջի վերացումը, ինչի հետևանքով ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարի հաշվարկով՝ մոտ-15-20 միլիոն ԱՄՆ դոլար կմնա ՀՀ աշխատանքային միգրանտների գրպանում:
«Եթե մարդը գնում է ուսուցման համար, ուսուցման հիմքով պետք է Ռուսաստանում կամ Ղազախստանում մնա, անշուշտ, այս մասին հավաստող փաստաթուղթ է պետք, եթե մարդը ուզում է գնալ աշխատելու, միայն աշխատանքի պայմանագիրը բավարար է, այլևս պետք չէ աշխատելու համար լրացուցիչ համաձայնություն, թույլատվություն ձեռք բերել»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, որը կվերանա 2015-ի հունվարի 1-ից, այսօր որպեսզի ՀՀ քաղաքացին 180 օր և ավելի մնա և աշխատի Ռուսաստանում, պետք է դիմի ՌԴ-ին՝ սահմանված կարգով աշխատանքի թույլատվություն կամ պատենտ ստանալու համար: Կան այլ տարբերակված մոտեցումներ ու պահանջներ բարձր որակավորում ունեցող մասնագետների ու այլ անձանց համար, բայց շարքային միջին վիճակագրական հայաստանցու համար հիմնականում այս տարբերակն է նախատեսված:
Աշխատանքի թույլատվությունը տրվում է իրավաբանական անձանց, պատենտը՝ ֆիզիկական անձանց մոտ աշխատելու համար, և պատենտի տևողությունը մինչև 3 ամիս է, աշխատանքի թույլատվությանը՝ 1 տարի, որը կարող է վերաթարմացվել՝ երկարաձգվել: Ըստ որում, թույլատվությունը կամ պատենտը ստանալու համար սահմանված կարգով մի շարք աշխատանքային փաստաթղթեր պետք է ներկայացվեն, վճարվի պետական տուրք, իսկ պատասխանն էլ կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական:
«Իսկ հիմա ողջ նշածս համակարգերը դուրս են գալիս: Այսինքն՝ ո՛չ սպասելու խնդիր կա, ո՛չ՝ փաստաթղթեր ներկայացնելու, ո՛չ էլ պետական տուրք վճարելու և այս գումարը կմնա հայ միգրանտների գրպանում»,- ավելացրեց ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարը:
Գագիկ Եգանյանի հաշվարկով, այս տարի միայն 250 000 անձ դիմել է Ռուսաստանում աշխատանքի պատենտ ու թույլատվություն ստանալու, և եթե 2015-ին մնա նույն թիվը, միայն պետական տուրք չվճարելու հետևանքով կարձանագրվի մինչև 15-20 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսում:
Համաձայն 2013թ-ի դեկտեմբերի 28-ին ուժի մեջ մտած թիվ 389-ԴՕ դաշնային օրենքի, փոփոխություններ էին կատարվել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» օրենքի 27-րդ հոդվածում և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածում, ըստ որոնց՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ուկրաինա և այլն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները 2014 թվականի հունվարի 1-ից կարող էին ՌԴ տարածքում մնալ 90 (3 ամիս) օր` յուրաքանչյուր 180 օրվա (6 ամիս) ընթացքում:
Սահմանված 90/180 օրը խախտելու դեպքում, համաձայն 1996թ-ի օգոստոսի 15-ի թիվ 114-ԴՕ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, ով անգամ մեկ օր կամ մեկ ժամ խախտում է դաշնային օրենքով սահմանված ժամկետը, կիրառվում է ՌԴ տարածք մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:
Նոր օրենքի գործողության մտնելու հետևանքով, Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ հենց այս 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:
«Եվ այս 180 օրերը, որ կար, իրենց վրա այլևս չի ազդում: Իրենք ցանկացած պահի, ցանկացած տևողության ժամկետով կարող են վերադառնալ Հայաստան ու նորից մեկնել, իհարկե, աշխատանքի տևողության շրջանում»,- ավելացրեց նա:
Հայ միգրանտների կյանքում այս դրական փոփոխությունը, Միգրացիոն ծառայության ղեկավարի գնահատմամբ՝ կբերի աշխատանքային միգրացիոն տեղաշարժերի ինտենսիվության մեծացմանը. և՛ գնալու, և՛ գալու կտրվածքով, քանի որ այլս վերանում է վտանգը , որ ՌԴ–ից դուրս գալու դեպքում, հետ վերադառնալու ժամանակ խնդիրներ կծագեն:
«Իսկ որ ասում են՝ սա կբերի Հայաստանից դեպի Ռուսաստան միգրացիոն արտահոսքի մեծացման, ես այդ կարծիքին չեմ, քանի որ երկկողմանի տեղաշարժերը կմեծանան: Ավելին ՝ չի բացառվում, որ հակառակը՝ դեպի Հայաստան հոսքը մեծանա, քանի որ այսօր շատերը կան, որ Ռուսաստանում թեկուզև՝ անլեգալ են ապրում, և դուրս չեն գալիս այնտեղից՝ վախենալով, որ դուրս գալու դեպքում հետագայում իրենց մուտքը կարգելվի: Հիմա, քանի որ հունվարի 1-ից խաղի կանոնները շատ հեշտանում են, նմանատիպ անձանց թվաքանակը կտրուկ կփոքրանա»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում՝ կապրենք, կտեսնենք:
Այսուհանդերձ, բոլոր այս դրական փոփոխությունները չեն ազդի անկանոն միգրանտների վրա, նրանց, ովքեր դե ֆակտո ՌԴ-ում աշխատելով, աշխատանքային պայմանագիր չեն ունենա: Վերանորոգման աշխատանքների համար մեկնող հայ վարպետներից շատերի հետ նման պայմանագրեր չեն կնքվում: Մինչդեռ ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարն ասում է, որ չկա աշխարհում որևէ երկիր՝ եվրոպական, ԱՄՆ, թե Ռուսաստան, թեկուզ ֆիզիկական անձի մոտ աշխատելիս մարդը չունենա աշխատանքային պայմանագիր և դրա համար պատասխանատվություն չկրի: Ըստ Գագիկ Եգանյանի,նման խնդիր կարող է ծագել նաև Հայաստանում՝ որպես թաքնված զբաղվածություն: Ամփոփելով՝ նա նշեց, որ ինչպես և նախկինում, առանց աշխատանքային պայմանագրի ՀՀ քաղաքացին ՌԴ-ում կարող է մնալ նախկինի նման 90 օր:
Այսուհանդերձ, հայտնի էր, որ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում այդ երկիր մուտքի արգելանք ունեցող 30 հազար հայեր կային, որոնք հայտնվել էին «սև ցուցակներում»: Նրանց պարագայում ի՞նչ է լինելու: Ի պատասխան՝ Գագիկ Եգանյանը հիշեցրեց, որ ՌԴ կառավարությունը այս հարցում Հայաստանի նկատմամբ բարի կամք է դրսևորել՝ շնորհիվ ՀՀ վարչապետի և Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավարի հանդիպման և պայմանավորվածության՝ արգելանքի որոշումները մեկ անգամ ևս վերանայելու մասին:
Նախկինում սրան այլընտրանքը այդ արգելանքը ՌԴ դատարաններում վիճարկելն էր, ինչը Գագիկ Եգանյանը բարդ և անհեռանկարային գործընթաց որակեց:
Նշենք, որ վերանայման գործընթացը հետևյալ կերպ է իրականացում. ՀՀ քաղաքացիները գալիս և ՀՀ միգրացիոն ծառայությունում լրացնում են հատուկ մշակված դիմումի ձևը, դրան կցում համապատասխան փաստաթղթեր, այնուհետև տեղեկատվական այդ բազան մեկ շաբաթյա կամ 10-օրյա կտրվածքով ամփոփվում, ինչից հետո Գագիկ Եգանյանը իր ռուս գործընկերոջը նամակը է ուղղում՝ «խնդրելով նրա ներողամտությունը « նամակին կից ներկայացված անձանց գործերը վերանայելու հարցում:
Վերանայման գործընթացը տևում է միջինը 2.5-3 ամիս: Այս տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ, սակայն, նշված 30 հազարից միայն 250 անձի նկատմամբ էր սույն արգելանքը վերացված:










