Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության փաստին. Քյոլնում համաժողով է տեղի ունեցել

12:05 • 12.12.14

Քյոլնի համալսարանում կազմակերպվել է համաժողով, որը կրել է «Ցեղասպանություն, արդարարություն, առերեսում. 1915թ.-ից մինչև Շենգալ» խորագիրը:

 

Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, համաժողովի ընթացքում կարևորվել է Թուրքիայի՝ իր պատմության ընթացքում իրագործած ցեղասպանությանն առերեսվելու անհրաժեշտությունը:

 

Համաժողովն իրականացվել է Եվրոպայի Խաղաղության ու ժողովրդավարության խորհրդի նախաձեռնությամբ:

 

Այդ ընթացքում ելույթ է ունեցել նաև թուրք հրատարակիչ Ռագիփ Զարաքօլուն, ով նույնպես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

 

Վերջինս իր ելույթն սկսել է՝ պատմելով Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին ու նշել. «Թուրքիան Հայոց ցեղասպանությունը թաքցնել չի կարող: Այդ հարցում քրդերն էլ էին նրա գործընկերը, սակայն իրական պատասխանատուն Թուրքիան է»:

 

Նա նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցածը քրիստոնյաների՝ հայերի, ասորիների, հույների ցեղասպանություն էր, որը կարելի է անվանել ջիհադ՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում:

 

«Հայկական հարցի մասին գրող մի շարք լրագրողներ ու մտավորականներ այժմ քննադատվում են, սպառնալիքներ են ստանում: Դա մի արշավ է: Նախագահ Էրդողանը դա որպես ցեղասպանություն չի բնութագրում, այլ խոսքեր է օգտագործում»,- ասել է նա:  

Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության փաստին. Քյոլնում համաժողով է տեղի ունեցել