Ալյուրի բացթողնման գինն իջել է, հացինն ու հացամթերքինը՝ ոչ

15:30 • 21.12.14

Չնայած ցորեն ներմուծող և այլուր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ դոլարի փոխարժեքի իջեցմամբ պայմանավորված՝ իջեցրել են բաց թողնված այլուրի գները, խանութներում հացի տեսականին 20-30 դրամով թանկ է վաճառվում: Թանկացած գներով խանութներում վաճառվում է նաև հացաբուլկեղենը:


Այսպես. մատնաքաշ տեսակի 100 դրամանոց հացը այսօր վաճառվում է 130 դրամով, 250 գրամանոց  «Հաց կաղապարային սև» տեսակի հացը թանկացել է 20 դրամով՝ 160 դրամ նախկին 140-ի փոխարեն, 140 դրամանոց «Հաց Հրազդան ՎԱՍ» տեսակի հացը ևս թանկացել էր 20 դրամով, «Հաց բատոն հատուկ»–ը դարձել է 90 դրամ՝ 70-ի փոխարեն, «Հաց հատակային»-ը դարձել է 160 դրամ:

 

«Զեյթունի» հացի գործարանի բուլկեղենի տեսականին 100-110 գնից այսօր հասել են 120 -130 դրամի: «Զեյթուն սվիֆտ «ՍՊ-ի «Զեյթունի կլոր գաթա խորիզով» ապրանքատեսակը նախկին 170 դրամի փոխարեն հիմա արժե 200 դրամ: Ըստ որում, որ այս դեպքում գինը բարձրացրել է ոչ թե արտադրող ընկերությունը, այլ խանութը:

 

150 դրամանոց «Բուլկի կակաչի սերմով»-ի տակ երևում էր նախկին գնապիտակը՝ 120 դրամ: «Կեկս Զեբրա» տեսակի արտադրանքը 150–ից դարձել է 160: Ինչպես վկայեց խանութներից մեկի վաճառողուհին՝ բոլոր տեսակի հացերի գինը 20 դրամով, իսկ որոշները նաև՝ 30 դրամով թանկացել են:


«Պարմա» խանութների ցանցի խաչապուրին ու կարտոֆիլով կարկանդակը (արտադրվում են տեղում) ևս թանկացել են համապատասխանաբար՝ 20 և 30 դրամով. կարտոֆիլով կարկանդակը 150 դրամից դարձել է 170, խաչապուրին ՝170 –ից ՝ 200:

 

«Ձեթը թանկացել է, ալյուրը՝ թանկացել»,- Tert.am–ի հարցին, թե ինչու են թանկացրել իրենց արտադրանքը, նկատեց վաճառողուհին:

 

Նշենք, որ ցորեն ներկրողները միանշանակ պնդում են, որ իջեցրել են իրենց արտադրանքի բացթողնման գները: Tert.am-ի հետ զրույցում «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հայտարարեց.«Քանի որ մենք տվյալ իրավիճակում առաջնորդվում ենք փոխարժեքներով, դրամային միջոցները պետք է վերածենք դոլարայինի, որպեսզի նորից ցորեն ձեռք բերենք, մենք օրվա փոխարժեքով ենք աշխատում և ոնց որ փոխարժեքն է, այնպես էլ բաց ենք թողնում, այսինքն՝ իջեցրել ենք գները»:


Հիշեցնենք, որ ալյուրի բացթողնման գներն իջեցրել է նաև Բաղրամյանի ալյուրի գործարանը, որի ալյուրի մեկ կիլոգրամը խանութներում 370-390 դրամի սահմաններում է, դեկտեմբերի 17-18-ին՝ 460-480 դրամի համեմատ:


Ի պատասխան հարցի, թե ի՞նչն է պատճառը, որ հաց ու հացամթերք արտադրողները գները բարձրացված վիճակում են թողնում, Արմեն Մանուկյանը նկատեց. «Միգուցե իներցիոն վիճա՞կ է կամ մարդիկ այս աժիոտաժի վիճակում թանկ գնով ալյուր են ձեռք բերել ու ունեն մնացորդային իրավիճակ»:


«Մանանա Գրեյն» ընկերության ղեկավարն արձանագրեց, որ 100 դրամանոց հացի 130 դրամ դառնալու դեպքում խոսքն արդեն 30 տոկոս թանկացման մասին է ու ավելացրեց, որ նման բան հիմա շուկայում չի կատարվում։

«Շուկայում հիմա, եթե առաջնորդվեն 418 և 460 փոխարժեքներով (418-ը նախքան դոլարի արժևորումը 1 ԱՄՆ դոլարի վաճառքի գինն էր, 460–ը՝ ներկա), ապա խոսքը մոտ 10 տոկոսի մասին և հետևաբար, ենթադրում եմ, որ այդ դեպքում հացը պետք է արժենար մաքսիմում 110 դրամ»,– ասաց Արմեն Մանուկյանը։


«Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ միանշանակ, որ ՏՄՊՊՀ-ն պետք է ուսումնասիրություններ կատարի հացամթերքի շուկայում:


Tert.am-ի հետ զրույցում «Սպառողների ազգային ասոցիացիայի» փորձագետ Ռուբեն Հայթյանն ասաց, որ Հայաստանում միշտ այդպես է՝ թեկուզ հիմնավորված բարձրացումներ են անում, բայց իջեցնելուց ժամանակին զլանում են կամ առհասարակ չեն իջեցնում:

 

«Այսօր չարժի գները վերլուծել, գների մասին խոսել, որովհետև հիմա խառնաշփոթ է, մարդիկ չգիտեն՝ վաղը նորից ինչ կլինի, և արտադրողներն էլ են կասածում՝ կարող է  վաղը նորից ալյուրը թանկանա»,- ասաց նա։


Փորձագետը երեկ մի փոքր ուսումնասիրություն էր կատարել խանութներում և պարզել, որ հացը, համեմատած դեկտեմբերի 17-ի հետ, երբ մի շարք ապրանքների գներ միանգամից բարձրացան, տասը դրամով իջել է, բայց չի եկել հասել դոլարի արժևորմանը նախորդած ժամանակահատվածում եղած գներին: «Բայց նախկին գնից բարձր է էլի»- ամփոփեց փորձագետը:

 


Նրա գնահատմամբ՝ հացամթերքի շուկան ամենախոցելիներից մեկն է Հայաստանում և կոչ է անում, որ «պետությունը տեր կանգնի հացին»։


Ռուբեն Հայթյանը առանձին մեծագույն խնդիր է համարում այն, որ հաց արտադրողների 60-70 տոկոս անհայտ ծագման են. սպառողը չգիտի՝ ո՞վ է արտադրում, ինչ խոնավություն ունի հացը, ինչը խիստ կարևոր է, քանի որ ըստ նրա՝ միայն խոնավության հաշվին կարող է տեղի ունենալ քաշի ու գնի էական թանկացում: