Հայոց հին ամանորյա խրախճանքից ու ավանդույթներից միայն ճոխ սեղաններն ու կերուխումն է մնացել. Լուսիկ Ագուլեցի

20:28 • 30.12.14

Հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայոց ավանդական Ամանորի հարուստ մշակույթին, որն ըստ նրա՝ կորցրել ենք այն ժամանակ, երբ «ընկեր Ստալինը որոշեց իր սենյակում տոնածառ դնել՝ վերջ դնելով կենաց ծառի խորհրդին»։ Ագուլեցին համակարծիք է՝ ճիշտ ժամանակն է տարբերվել մյուսներից ու Նոր տարին նշել հին հայկական ավանդույթով, բայց ոչ թե նույնությամբ կրկնօրինակել, այլ գեղեցիկ նորամուծություններով ավելի գեղեցկացնել։ Ազգագրագետը նկատեց, որ hայոց հին ամանորյա խրախճանքից ու ավանդույթներից միայն ճոխ սեղաններն ու կերուխումն է մնացել։


-Տիկին Ագուլեցի, այսօր շատերի համար Նոր տարին ասոցացվում է որկրամոլության մրցավազքի հետ՝ տոն, որը գրեթե չունի որևէ խորհուրդ։ Արդյո՞ք նախկինում Ամանորի շեշտը նույնպես միայն ճոխ սեղաններն էին։


-Մեր պատմական հիշողություններով ու մտածողությամբ՝ մենք միշտ էլ ունեցել ենք ճոխ սեղաններ, ունեցել ենք կերուխում, որոնք հիմնականում անցկացվել են Բարեկենդանին և Նավասարդին, այսինքն՝ տարվա բացում և տարվա փակում։ Բայց միաժամանակ եղել են շատ ավանդույթներ, որոնք մարդիկ պահպանել են։ Խրախճանքն իր տեղն է ունեցել, ավանդույթները՝ իրենց տեղը։ Օրինակ՝ հիմա յուրաքանչյուրը յուրովի է մոտենում տոնին՝ մեկը որ դրսում անցկացնի նոր տարին, մյուսը ինչ-որ ռեստորանային համալիրում, մարդ կա՝ իր ընտանիքի հետ։ Բայց հնում ամեն ինչ հստակ էր՝ տոնը համայնքային էր, այսինքն՝ համայնքն էր մասնակցում ամբողջ տոներին, և ամեն ընտանիք ոչ թե վերջին օրերին էր սկսում պատրաստություն տեսնել, այլ՝ ողջ տարին, և սեղաններ էին գցում իրենց այգու ու տնտեսության բարիքներով։ Հիմա ինչ վերաբերվում է մեր Ամանորին, ապա, իհարկե, տարվա մեջ պետք է մեկ անգամ խրախճանք լինի, մարդիկ ուզում են ուրախանալ, իսկ այս տոնը տրամադրում է մարդուն՝ նշելուն։ Հիմա մենք չենք կարող Նավասարդ կամ Բարեկենդան տոնել՝ ուզած-չուզած Նոր տարի ենք նշում, որը կապված է նաև Սուրբ ծննդի հետ։ Բայց միևնույնն է՝ չնայած ժամանակին, հին և նոր տոները կապված են իրար հետ։ Ի դեպ, Ամանորը կին է՝ ըստ Ագաթանգեղոսի, Վանատուրի, որը ստացել է խնձոր, այսինքն՝ տիեզերքի պտուղը և իրենց միասնությունից ստացվել է բերքատվության, առատության, հյուրասիրության, ընտանիքի գաղափարը։ Դա եղել է մինչ քրիստոնեություն, իսկ դրանից հետո մենք կարողացել ենք այդ գաղափարը պահպանել մինչև նախորդ դարի 20-ականներ, որը հիմա մենք կորցրել ենք։ Իսկ պատճառն այն էր, որ Ստալինը բերեց՝ մի հատ տոնածառ դրեց իր սրահում, ու այդ տոնածառը հասավ մինչև մեր օրեր։ 


-Հիմա մենք կարող ենք նույն ձևով էլ վերադարձնել մեր հին ծեսերը, ինչպես օրինակ՝ երկրի նախագահն իր սրահում տոնածառի փոխարեն դնի կենաց ծառ ու մարդիկ օրինակ վերցնեն դրանից։


-Կարծում եմ՝ կենաց ծառի գաղափարը կարող ենք վերականգնել, եթե իհարկե ուզում ենք, կամ՝ Սուրբ ծննդին վերաբերող խաչը։ Բայց նման ծեսերը պետական այրը չի կարող վերականգնել, դրանք անում են մշակութային մարդիկ, ստեղծագործողները։ Պետք է ազգագրագետների հետ խորհրդակցել, մենք ի վերջո ազգագրագետների ինստիտուտ ունենք, կարող ենք դիմել օգնության։ Բայց արդյունքում պետական մակարդակով տոնվում է այնպես, ինչպես օտարերկրացիներն են անում, գերմանացիներն են անում կամ ամերիկացները, կամ՝ ռուսները։ Բայց մենք ազգագրագետներ ունենք, կարող ենք չէ՞ հարցնել, իսկ ո՞րն է մերը։ Եթե մենք ունեինք Պոնտոսի հայերի փոքրիկ ծառը, որի վրա կախում են ընկույզ, պնդուկ, նուշ ու քաղցրավենիք, այդ ծառը կարող ենք մեծացնել և խորհրդանշական խաղալիքներ պատրաստել, ոչ թե աներևույթ, միայն փայլփլուն խաղալիքներ կախել, որն ի դեպ երեխաների ճաշակն է փչացնում։ Ծառի վրա պետք է խորհրդանշական մրգեր դնել, նուռ, խնձոր, գործած խնձոր կարող է լինել, գործած ձվեր կախեն. այդ բոլորը պետք է արվի, բայց որ չի արվում, միայն խոսում ենք, արդեն պարզ է, որ դու դրանից էլ ես հիասթափվում։


-Կարծում եք, այսօր հնարավո՞ր է հին ավանդույթներով Նոր տարին դիմավորելով՝ զարմացնել հյուրերին։


-Չեմ կարծում, որ հնի նույնությամբ անելը ճիշտ է։ Ինձ թվում է՝ պետք է հայ կինը մի քիչ ստեղծագործաբար մոտենա, կարդա, ուսումնասիրի մեր ավանդույթները, մենք շատ հարուստ գրականություն ունենք։ Ամանորին նվիրված էնքան հարուստ մշակույթ ունենք, կարծում եմ՝ պետք է ամեն դեպքում վերադարձնենք այդ մշակույթը, ոչ թե խրախճանքը։ Մշակութային արժեքներ կան, որ պետք է վերականգնվեն։ Պետք է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կենաց ծառը, ինչ է խորհրդանշում խնձորը։ Ինչո՞ւ պետք է խմիչք տանեն իրար տուն, շոկոլադներ և այլն, եթե կարող են միայն մեկ խնձոր տանել։ Ես Նոր տարվա նվերներ եմ ստացել, այդքան նշանակություն չունեն ինձ համար, քան, օրինակ, իմ պապիս տված խնձորը։ Բացի այդ, ամեն ինչ ի սպառ վերացված չէ, նույն գյուղերում շատ բան պահպանվել է, այնտեղ Ամանորն ավելի ջերմ են նշում, բոլոր հարազատները գնում են իրար տեսակցության, իսկ քաղաքում հարազատներ կան իրար հետ կոնֆլիկտի մեջ են։ Հիմա, ըստ մեր ավանդույթի, Ամանորին բոլոր նրանք, ովքեր իրարից նեղացած են լինում, այդ օրն իրար հետ հաշտվում են՝ անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե իրար վրա զենք են պահել, այդ օրը հաշտվում են ու իրար տուն են գնում։ Քաղաքում այդ բանը չկա, վախենում են՝ կարող է պատահի չընդունեն, վեր դասեն իրենց, գյուղերում չկա այդ բանը։ Բացի այդ հատկապես եթե մի տուն մահացած մարդ է ունենում, այդ օրը գնում են նրա տուն, դա շատ գեղեցիկ ավանդույթ է։ Ընդհանրապես իրար տուն գնալը, իրար նեցուկ լինելու խորհուրդն այսօր ձևական այցեր են դարձել մեծ հաշվով։ Բայց նախկինում համայնքում տարբեր տարազներով հագնված երգերով, պարելով տներից ուտելիքներ էին հավաքում ու տանում աղքատին տալիս։ Երեխաները հավաքվում էին իրար հետ, ուտում, խմում էին։ Քաղաքում դա չկա, չգիտեմ՝ գյուղերում որքանով է պահպանված, բայց որոշակի չափով դեռ կա։


-Տիկի՛ն Ագուլեցի, դուք տենդենց նկատո՞ւմ եք, որ աշխարհում արդեն հասկացել են, որ յուրաքանչյուր ազգ իր յուրահատկություններով, ծեսերով ու մշակույթով է գեղեցիկ։ Այս հարցում առաջընթաց տեսնո՞ւմ եք։


-Չեմ կարծում, արդեն ամեն ինչ այնքան են նույնականացվել, որ տարբերություն չես գտնում։ Հիմա մենք տոնում ենք ոչ թե Բարեկենդան, այլ անում ենք օտարների Haloween-ը, ոչ թե անում ենք Սուրբ Սարգիս, որը բացառիկ տոն է, այլ Վալենտինի տոն։ Բայց արդեն ինչ-որ քայլեր արվում են, օրինակ՝ այս տարի եկեղեցում պետք է առաջին անգամ նռանօրհնեք լինի Ամանորի գիշերը, Քրիստոսի արյունը խորհրդանշող պատարագ պետք է անենք։


-Հայտնի է, որ հին հայերը շատ էին հավատում տիեզերական ուժերին՝ հավատալիքներ, գուշակություններ, դրանց պահպանությունը ինչպե՞ս եք պատկերացնում, արժե վերականգնել, թե՞ դրանք կնմանվեն թատերական ներկայացման։


-Ծեսն էլ թատերական, բեմական է, հիմա եթե բեմի խորհուրդը դու չես իմանում, ինչպե՞ս կարող ես դա անել։ Տեսեք, եթե մայրը երեխա է ամուսնացրել, պարզ է, որ այդ հավատալիքները պետք է ինքը անի, եթե հիմա Ամանորին նշանված տղա ունի, պետք է նվերներ տանի հասին։ Նույն այդ ավանդույթը պահպանվել է. հիմա էլ գնում են, բայց տանում են էն, ինչ ձեռքն ընկնում է։ Սակայն դրանք խորհրդանշական ծեսեր են, թե սկուտեղը ինչպես պետք է պատրաստես, աղջիկը ինչ պետք է անի, տղան ինչ պետք է անի, իրենց դերերը չեն իմանում։ Վերցնում են մի քանի կոնյակ են դնում, մի հատ էլ անանաս, հետն էլ բանան, կիվի. դրանք մերը չեն, դրանք այլ երկրների խորհրդանիշն է։ Բոլորն էլ գիտեն բանանը աֆրիկացիների որ խորհրդանիշն է, և դրա վերաբերյալ հատուկ ինչ ծես են անում նրանք, որի մասին նույնիսկ անհարմար էլ է պատմելը, բայց մեր մշակույթի մեջ այնքան գեղեցիկ ավանդույթներ կան, որ դրանք անհրաժեշտ է վերականգնել։


-Այս տարին ելնելով արևելյան հորոսկոպի կենդանակերպից՝ այծի տարի է, ու աշխարհում և նաև մեզ մոտ այդ ձևով են գուշակում, թե տարին ինչպիսին կլինի։ Նախաքրիստոնյա հային աստղերն ի՞նչ ձևով էին հուշում, թե տարին ինչպե՞ս պետք է լինի։


-Դա, կարծում եմ, աստղագետներին պետք է հարցնեք, բայց տեսեք, եթե մենք նայենք, մեր Համբարձման տոնին, Համբարձման տոնի մեկ օրը, որը Ջանգյուլում ենք ասում, երկինքն ու երկիրը միանում են պտղաբերվելու, դրա համար էլ մայիսին մենք հարսանիքներ չենք անում, արդեն դա հուշում է, որ մարդու կապը տիեզերքի հետ մեծ է եղել ու հավատացել են, որ վերևից խորհուրդ կա և պետք է վերևի խորհուրդն էլ լսենք։