Վերջին հրաժեշտը Վահան Հովհաննեսյանին (լուսանկարներ, լրացված)

13:28 • 03.01.15

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը  Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանին: 

 

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթի խոսքում անդրադարձավ  Վահան Հովհաննեսյան դիվանագետի արժանիքներին: Ներկա էին նաև հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու արվեստի  գործիչներ,  պետական պաշտոնյաներ Հայաստանից և Արցախից, ԱԺ նախկին գումարումների պատգամավորներ, ԱԺ  աշխատակազմի ներկայացուցիչներ,  ընկերներ,  մարտական ընկերներ, գործընկերներ,  դասընկերներ, համակուրսեցիներ, լրագրողներ:

 

Ոմանք նրա հետ վերջին հրաժեշտի համար եկել էին Եվրոպայից,  ԱՄՆ-ից  ու Լիբանանից:

 

Ընկերներից մեկը կիսաձայն արձանագրեց, որ Վահան Հովհաննեսյանի բանտարկության տարիներին Նուբարաշենի բանտի պետը ևս եկել է հարգանքի վերջին տուրքը մատուցելու:

 

Վահան Հովհաննեսյանի մարմինն ամփոփող դագաղի մոտ այս ընթացքում պատվո պահակ էին կանգնել դաշնակցականներ, իսկ Նիկոլ Աղբալյան միության երիտասարդները՝ դրոշներով:

 

Tert.am-ի հետ զրույցում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, խոսելով Վահան Հովհաննեսյան քաղաքական-պետական գործչի, կուսակցականի ու մարդու մասին՝ ասաց. «Էս մի քանի օրն ինձ այն մտքի վրա բռնացրի,  որ ոմանք փորձում են Վահանին որպես անհատ, առանձին մարդ ներկայացնել: Ես կուզեի ասել, որ Վահանն  ամբողջական Վահան չէր լինի, եթե 25 տարի այս մթնոլորտի մեջ չլիներ. 25 տարի  իր համուհոտով այդ կազմակերպության մեջ չլիներ: Եվ 25 տարի ամենն, ինչ առնչվում է Վահան Հովհաննեսյանին, առնչվում է ողջ Դաշնակցության պատմությանը: Ու ամբողջ Հայաստանի պատմությանը: Դրանով ինքը մի քիչ ուրիշ է»:

 

Ըստ նրա`  Վահան Հովհաննեսյանի բացակայությունը վստահաբար անդրադառնալու է առօրյա կուսակցական կյանքի, առօրյա ընկերական մթնոլորտի վրա, որովհետև «ով ինչ պատմում է, անպայման մի հուշ, մի քաղցր հուշ Վահանից ունի»:

 

«Եվ շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի հասկանան, թե ինչ պակասեց մեր երկրից: Դաշնակցականները շատ ավելի լավ հասկանում են, թե ինչ պակասեց կուսակցությունից, բայց ընդհանուր երկրից դեռ շատ ժամանակ է պահանջվելու: Որովհետև խորհրդարանի ամբիոնը շատ ավելի երկար ժամանակ դատարկ է լինելու, որովհետև կուսակցական ժողովներում թեկուզ  ոչ ամբողջական խոսող, բայց ժողովի մթնոլորտում դեր ունեցող Վահան Հովհաննեսյանի խոսքն է դատարկ լինելու… հնագիտությունից, դե , վաղուց  արդեն Վահանը հրաժարվել էր: Բայց ամեն անգամ … էսպես ՝ Սարոյանի խոսքերով՝ սիրտը լեռներում էր, սիրտը հնավայրերում էր:
Եվ ինքը էս վերջին մի տարվա ընթացքում իբրև արձակագիր, գրող նաև մի ուրիշ զգացողություն ուներ: Ժամանակը սպին դեռ երկար է բաց պահելու»,- հավելեց նա:

 

Վահան Հովհաննեսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: