Գլոբալ հիբրիդային պատերազմի այս իրավիճակում ամենաանվտանգ տեղը դառնում է ճիշտ ձևով կազմակերպված Հայաստանը. Ա. Մանուչարյան

21:34 • 13.01.15

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ գլոբալ աշխարհաքաղաքական կարգը պահել ցանկացող կենտրոնի կողմից մոլորակով մեկ պատերազմ է սանձազերծվել։ Ըստ Մանուչարյանի՝ սխալ է Եվրոպայում անվտանգություն փնտրել. «Նման իրավիճակում ամենաանվտանգ տեղը դառնում է ճիշտ ձևով կազմակերպված Հայաստանը։ Սա ստրատեգիական խնդիր է մեզ համար՝ Հայաստանը բերել նորմալ վիճակի և հայությանն ամբողջականացնել»։


-Պարո՛ն Մանուչարյան, կանխատեսումներ կան, որ ահաբեկչությունների շարքը Ֆրանսիայում աշխարհաքաղաքական և ներքաղաքական նոր լուրջ զարգացումներ կարող է առաջ բերել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ նման միջադեպերը Եվրոպայի և աշխարհի համար:


-Նոր անվանել չի կարելի, արդեն տևական ժամանակ է՝ աշխարհը թևակոխել է այսպիսի իրավիճակ, որի ճշգրիտ անվանումը՝ աշխարհաքաղաքական կարգի ճգնաժամն է՝ աշխարհաքաղաքական կարգը պահել ցանկացող կենտրոնի կողմից տարածվող, որը ուրիշ ձև  չի գտել այդ կարգը պահպանելու համար, քան մոլորակով մեկ պատերազմ սանձազերծելը։ Ոմանք ասում են, թե սա երկրորդ սառը պատերազմն է, իրականում սա էապես տարբերվում է սառը պատերազմից. ավելի ճշգրիտ անվանում, որ օգտագործվել է՝ հիբրիդային պատերազմն է,  այսինքն՝ տաք և սառը պատերազմներ, տարբեր ճգնաժամեր՝ տնտեսական, ֆինանսական, տարբեր գործողություններ՝ ահաբեկչություն, ներքին  խժդժություններ, քաղաքացիական պատերազմներ։ Այս ամբողջ գործիքային կազմը, նրանք 2014թ-ին ցույց տվեցին, որ մեծ ակտիվությամբ ներդրվել և օգտագործվում է, իսկ 15-ը լինելու է ցավալիորեն դրա հետագա ծավալման տարի։ Հիմա կան մոլորակային ուժեր, որոնք փորձում են դրան դիմակայել, և կան  ուժեր, որոնք ծառայում են այն համակարգին, որի ականատեսն ենք հիմա մենք։ 

-Պարո՛ն Մանուչարյան, հաշվի առնելով այն փաստը, որ ահաբեկչությունները հասել են Արևմուտք, կարելի՞ է ասել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ 

-Ոչ, չի կարելի ասել, որ չեն տիրապետում իրավիճակին, այսինքն՝ նրանք  ընդհանուր կառավարման  տրամաբանությունը չեն կարողանում պահպանել, այդ իմաստով նրանք ճգնաժամի մեջ են, բայց այն գործընթացները, որ իրականանում են հիմա, մասնավորապես  տեռորիստական ակտերը, այդ բախումները, որ տեղի են ունենում աշխարհով մեկ մեծ երկրների միջև, այդ ամենը գտնվում է նրա ընդհանուր կառավարման ազդեցության տակ։ 

-Իսկ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները մեր, մասնավորապես աշխարհով մեկ սփռված հայերի համար։ 

-Շատ հարցազրույցներում ես մշտապես զգուշացրել եմ, որ չի կարելի ենթադրել, որ Հայաստանից մեկնելով՝ անվտանգ տեղ են գնում։ Նման իրավիճակում ամենաանվտանգ տեղը դառնում է ճիշտ ձևով կազմակերպված Հայաստանը։ Հիմա կարևորագույն խնդիր է լուծվում համաշխարհային այդ ուժի կողմից, և խնդիրն է՝ Եվրոպան  ենթարկել իր կամքին և դարձնել գործիք այդ կարգի պահպանման համար։ Եվրոպայում կան և՛ դիմակայող ուժեր, և՛ ենթարկվող ուժեր, և հիմա Եվրոպայի դեմ շանտաժ է գնում այս եղանակով. այդ իմաստով Եվրոպան անվտանգ չէ, եթե մենք ման ենք գալիս անվտանգություն, ապա ամենակարևոր ճանապարհը  Հայաստանը նորմալ վիճակի բերելն է և երկրորդ  կարևոր հանգամանքը՝ հայությանն ամբողջականացնելը։ Սա ստրատեգիական է մեզ համար, որովհետև հայությունը կարևորագույն համադրման համակարգ է աշխարհում։ 

-Պարո՛ն Մանուչարյան, գլոբալ խնդրից անցնենք մասնավորի. մինչ ԵՏՄ անդամակցումը ասում էինք, որ անդամակցում ենք, որովհետև դա մեր անվտանգության խնդիրն է, մինչդեռ  տարվա հենց սկզբին, երբ ՀՀ-ն պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ՝ Ադրբեջանի կողմից մի քանի դիվերսիոն գործողությունն եղան, ունեցանք 5 զոհ։ Սրանով արդյո՞ք Ադրբեջանը ցույց չի տալիս, որ անդամակցությունը բոլորովին էլ մեզ համար անվտանգության երաշխիք չէ։ 


-Ուրեմն, ինչպես տեսնում եք, ՆԱՏՕ-ի անդամակցությունը նույնպես  երաշխիք չէ, օրինակ՝ Ֆրանսիայի համար, տեսե՛ք, ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ահաբեկիչները խփեցին... երկաթգծի պայթյունը Իսպանիայում, հիմա էլ նորանոր ահաբեկչություններ և այլն, և այլն։ Այնպես որ հարցը երկակի պատասխան ունի՝ մեկն այն, որ այսօր աշխարհում անվտանգության ոչ մի համակարգ տոտալ անվտանգություն չի կարող ապահովել, միակ բանը, որ կարող ես մտածել, որ աշխարհը դրան չի հասնի՝ գլոբալ միջուկային պատերազմն է, մնացած բոլորը՝ ներառյալ լոկալ միջուկային պատերազմը, հատկապես Ռուսաստանի նոր դոկտրինի ընդունումից հետո,  բացառված չէ։ Այնպես որ հարցի պատասխանի մի մասը կայանում է նրանում, որ ոչ մի միություն անվտանգության երաշխիք չի տալիս, բայց ուրիշ բան, որ ամեն մի նման համակարգ ինչ-որ լրացուցիչ բան տալիս է։ Անվտանգության այն համակարգը, որի անդամ է Հայաստանը, ինչ-որ լրացուցիչ բաներ տալիս է անկասկած։ Բայց հարցի երկրորդ մասը կա. ուրեմն ոչ ոք մեզ չի ասել, որ մեր անվտանգությունը պետք է թողնենք ուրիշների վրա և այս ամենից զերծ մնանք։ Կարող ենք հիշել մեր փորձը. մենք 91-93թթ-ին տարել ենք հիբրիդային  պատերազմ, հունվարի 5-ին՝ մի քանի տարի առաջ, մահացավ այդ հիբրիդային պատերազմի պատասխանատուներից մեկը՝ Աղամալյան Ալեքսանդրը։  Նա Ազգային անվտանգության համակարգում ղեկավարի տեղակալն էր և հիբրիդային պատերազմի կազմակերպիչներից մեկը։ Մենք հետագայում հրաժարվեցինք այդ բաներից և մեզ միակ երաշխիք ընտրեցինք Մինսկի գործընթացը, որը բացարձակ անհեթեթություն է։ Եթե մենք վերադառնանք մեր կուտակած փորձին, մեր գործիքներին, այն մարդկանց, ովքեր մասնակից են եղել, փորձառուներին և երիտասարդներին ներգրավելով՝ մտնենք այդ պատերազմի տրամաբանության մեջ, ապա Ադրբեջանի կողմից որևէ  վտանգ մենք չենք ունենա։ Իսկ եթե թողենք այնպես, որ Մինսկի խումբը որոշի, կամ՝ Եվրասիական միությունը, կամ՝ ՀԱՊԿ-ը, և այլն, ապա կունենանք պրոբլեմներ։


-Իսկ կոնկրետ ի՞նչ քայլ պետք է անել, ո՞րն է ձեր ասած հիբրիդային պատերազմից ստացած փորձը։


-Վիճակը շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք, ձեր այդ հարցն այն բնագավառից է, թե Ռուսաստանի հետ մի քիչ ավելի՞ մոտ լինենք, թե՞ Ամերիկայի հետ, ո՞վ կթալանի Հայաստանը՝ օլիգարխ համար մեկը, թե՞ օլիգարխ համար երկուսը, էս բազարն ո՞ւմ կտան, շաքարի առևտուրն ո՞ւմ կտան։ Հիմա անտրամաբանական է մտածել, որ ահաբեկչական գործողություններ լինելու են միայն Ֆրանսիայում, կամ քաղաքացիական պատերազմ ու քաոս կազմակերպվելու է միայն Ուկրաինայում կամ Սիրիայում։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ ցանկացած կետ կարող է դառնալ հարվածների կենտրոն։ Այնտեղ, որտեղ կլինեն համակարգը պահպանող և դիմակայող ուժեր, այդպիսի բախումներ միշտ էլ կարող են լինել, մանավանդ Հայաստանում, որ մի անհեթեթ զանգված է իրեն ներկայացնում, որտեղ էլ աչքդ գցես։ Այդ տեսակետից կարևոր խնդիր ունենք՝ հասկանալ, շտապել և սկսել  գործել։ Մերոնք լավ են նրանով, որ շատ հեշտ են հասկանում, բայց դեռ հավես չկա շտապել, երբ դեռ խոզի բուդը կա ու դեռ դրանով ենք զբաղվում։

-Այսինքն՝ մենք հետ ենք մնում Ադրբեջանից, որն օգտվելով առիթից՝ չնայած իր դանդաղ հասկանալուն՝ ավելի հստակ է գործում։

-Ադրբեջանը ունի նույն գողերի համակարգը, ինչ Հայաստանում է։ Ճիշտ է՝ Հայաստանում ինչ անում, կատարյալ ենք անում, եթե սուրբ ենք, ամենակատարյալ սուրբը, եթե գող ենք, ամենակատարյալ գողը. հիմա ամենակատարյալ գողերից ենք, դրա համար էլ Ադրբեջանից էլ բեթար ենք այդ իմաստով, բայց Ադրբեջանը գողության համակարգը  հաստատելու համար մի կարևոր գործոն ունի՝ նավթ։ Շատ անհասկանալի գործընթացներ են կիրառվում դրա շուրջը, քանի որ դա հենց համաշխարհային կարևոր գործիքներից մեկն է։ Ադրբեջանը  նավթի շնորհիվ մանևրելու հնարավորություն ունի երկու շրջանում,  մեկը՝ գողանալու համար, մյուսը համաշխարհային գործընթացներում ներգրավվելու։  Քանի ու նավթը կարևոր տեղ է զբաղեցնում, դրանից էլ օգտվում է։ Բայց մենք, ինչպես ասացի, նախկինում հիբրիդային պատերազմում պարզապես  ջախջախել ենք ոչ միայն Ադրբեջանին, այլ բոլոր հովանավորներին։ Հիմա զբաղված ենք նրանով , ինչով զբաղված ենք, իսկ անցումը մեզ մոտ կարող է լինել շատ արագ, համոզված եմ, որ սթափեցումն արագ կլինի, ուղղակի կգերադասեի այդ սթափեցումը լիներ հասկանալով, ոչ թե մի իրադարձություն, որից հետո սկսենք սթափվել։