Բելգիացի կինը պնդում է, որ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը իր հայրն է. իսպանական դատարանը կքննի հայցը
Իսպանիայի Գերագույն դատարանը հինգշաբթի օրը քննության է առել բելգիացի կնոջ հայցը, որով պահանջվում է Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորի հայրության ճանաչում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինգրիդ Սարտիաու անունով բելգիացի կինը պնդում է, որ ինքը թագավորի արտամուսնական աղջիկն է: Նա պետք է իր մոր և թագավորի մտերմության ապացույցներ ներկայացնի: Սպասվում է, որ դատարանը ԴՆԹ անալիզ կնշանակի: Թագավորը կարող է հրաժարվել անալիզի հանձնումից:
Միևնույն ժամանակ՝ դատարանը մերժել է նույնանման մեկ այլ հայց՝ կատալոնացի Ալբերտա Սոլա Խիմենեսուից: Երկու հայցն էլ ներկայացվել էին անցած տարվա կեսին, երբ Խուան Կառլոս թագավորը հրաժարվել էր գահից:
Իսպանիայի Սահմանադրությամբ թագավորի անձն անձեռնմխելի է, ուստի նախկինում նման հայցերը մերժվում էին:










