Ռուսաստանը պետք է հետևություններ անի Գյումրիի դեպքից. Взгляд-ի անդրադարձը
Հայաստանի Գյումրի քաղաքում հայ ընտանիքի գնդակահարությունը (որի համար մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը-Tert.am) ցույց տվեց, թե որքան փխրուն են Ռուսաստանի հարաբերություններն Անդրկովկասում, և այն, թե որքան կարևոր են դրանք, գրում է Взгляд-ը:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։
Նման ողբերգությունները կարող են օգտագործվել քաղաքական հարձակման համար, և անգամ այնպիսի կարևոր օբյեկտների համար, ինչպիսին 102-րդ ռուսական ռազմաբազան է, և կարող են հակամարտության պատճառ դառնալ Մոսկվայի և նրա մերձավոր դաշնակիցների միջև, գրում է ռուսական լրատվամիջոցը
Ողբերգության ամենահավանական պատճառն այժմ արդեն կարելի է համարել 102-րդ ռազմաբազայի զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունները: Բազայի և դրա շուրջ առկա վատ մթնոլորտի մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում:
Կարգուկանոն հաստատելու համար, եթե ոչ այլ մեթոդներ, ապա գոնե այլ մարդիկ են պետք:
Հավանաբար ռազմաբազայի հրամանատարությունը, մասնավորապես՝ հրամանատարի՝ դաստիարակության գծով տեղակալը և այլ ղեկավարներ քննության ցանկացած ելքի դեպքում պատասխանատվության կենթարկվեն: Սակայն դրանից, ցավոք, դժվար բանակի համար ընդհանուր եզրակացություն արվի:
«Վերադառնանք Հայաստանին: Գյումրիի բնակչության զգալի մասն ուղղակիորեն կախված է ռուսական բազայից և աշխատում է այն սպասարկելու ոլորտում: Ընդհանուր առմամբ ռուս զինվորականներն ու տեղի բնակիչները միշտ լավ հարաբերություններ են ունեցել, և «ակտիվիստների» մեջ չկային գյումրեցիներ, որոնք բացահայտորեն կպահանջեին ռազմաբազան դուրս բերել քաղաքից: Այն Հայաստանի պաշտպանության կարևոր կետերից մեկն է: Անգամ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման դեպքում Երևանն Անկարային երբեք չի վստահի»,- գրում է Взгляд-ը։
Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն դաշնակցային են, այլև բարեկամական: Հայաստանը շատ կարևոր ռազմավարական կետ է, հետնամուտք՝ դեպի մերձավորարևելյան տարածաշրջան: Ռուսական ռազմաբազան Հայաստանում ՌԴ-ի համար մերձավորարևելյան քաղաքականության հարցում առաջապահ ուղեկալն է:
Գյումրիի ռազմաբազան ինքն իր գոյությամբ կաթվածահար է անում ՆԱՏՕ-ի ռազմավարական օդանավակայաններն Էրզրումում ու Դիարբեքիրում: Գյումրիում և Երևանի մոտ տեղակայված С-300 և С-400 համակարգերը կարող են հասնել մինչև Իսրայելի և Սիրիայի սահմաններ: Սիրիական ճգնաժամի շրջանում այդ բազաները մշտական հերթապահության ռեժիմում են եղել: Այնտեղ են նաև ռուսական կործանիչները, որոնց աշխատանքի մեջ է նաև Հայաստանի օդային տարածքի պահպանությունը, սակայն դրա գործողությունների շառավիղն ավելի լայն է:
Մի խոսքով՝ Հայաստանում ռուսական բազաները ռուսական ռազմավարության կարևոր մասն են՝ պայթյունավտանգ այս տարածաշրջանում:
Սակայն բազան Հայաստանի տարածքից դուրս բերելու խոսակցությունները հիմնականում հուզական բնույթ ունեն: Երևանում, իրոք, անհանգստացած են, որ Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին սկսել է զենք վաճառել: Դա լուռ տրտնջոց է առաջացնում և դժգոհություն՝ ուղեկցված ԱՄՆ քաղաքականությանը հղումներով, որը Բաքվին զենք չի վաճառում՝ ԼՂ հակամարտությամբ պայմանավորված:
Միաժամանակ, ռուսական դիվանագիտության ու քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ սկսել են Հայաստանի հանդեպ իրենց անզգույշ պահել:
Պարբերաբար սկանդալներ են տեղի ունենում հայերի զգացմունքների և հույզերի վրա ազդող անզգույշ արտահայտությունների պատճառով, ինչը, բնականաբար, չի բարելավում փոխըմբռնումը: Վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերությունները մի քանի անգամ սրվել են հենց ռուս պաշտոնյաների տարօրինակ պահվածքի պատճառով:
Դրան զուգահեռ՝ Հայաստանը հարմար հարթակ է դարձել ամերիկյան ու եվրոպական տարբեր կազմակերպությունների համար, որոնք այստեղ տարբեր «կոնֆերանսներ», «թրեյնինգներ», «ազգային դիվանագիտության հետ հանդիպումներ» են կազմակերպում: Մոսկվան, զբաղված լինելով այլ խնդիրներով, Հայաստանին շատ քիչ ուշադրություն է դարձնում:
Ամենայն հավանականությամբ, Գյումրիի ողբերգության մեջ նույնքան դավադրություն կա, որքան ցանկացած այլ հանցագործության: Տրամաբանական է ենթադրելը, որ մեղքի մեծ բաժին ունի բազայի սպայական անձնակազմը, որը շատ բան չի տեսել, ինչ-որ բան այնպես չի արել, կամ չի արել ընդհանրապես: Հիմարությունը մարդկային դժբախտությունների աղբյուր է ճիշտ այնպես, ինչպես չարակամությունը, իսկ հիմարությունը բանակում՝ արտերկրում գտնվող մեկուսացված ռազմաբազայում կրկնակի սպառնալիք է:
Ոչ մի գաղափարախոսական աշխատանք չի տարվում, որը կբացատրեր ռուսական բազաների գոյությունն Անդրկովկասում, իսկ եթե անգամ արվում է, ապա դա արվում է զարմանալիորեն անշնորհք ձևով, և դա ոչ միայն Գյումրիում:
Օրինակ՝ անցյալ տարի Հարավային Օսիայում ռազմաբազայի շուրջ սկանդալ տեղի ունեցավ՝ հարևան գյուղերին սպառնացող հրետանային կրակի պատճառով: Սակայն փոխարենը բացատրական աշխատանք տարվեր, Ցխինվալի հրամանատարությունը սկսեց սպառնալ տեղի ակտիվիստներին ու լրագրողներին՝ էապես վարկաբեկելով Ռուսաստանի դերակատարությունը:
Դա անվստահության մթնոլորտ է առաջացնում, և հեշտությամբ ցանկացած խոսակցություններ են տարածվում՝ հակառուսական ու հակառուսաստանյան բնույթի հուզական գնահատականներ տալով: Իսկ նման կերպ խաթարված վստահությունը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել միայն 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը։ Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:










