Չեմ կարծում, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը այս ամենի հիմնական մեղավորն է. Ա. Հովհաննիսյանը՝ գյումրեցի ընտանիքի սպանության մասին

19:57 • 20.01.15

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին բավականին լավ հրամատար է և իր նշանակման օրից բազմաթիվ փոփոխություններ է իրականացրել ռազմաբազայում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի մեջ որքանո՞վ է մեղավոր ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը:

 

«Նա բարձր մակարդակի հրամանատար է և իր նշանակումից հետո ամրապնդել է բազան՝ ուժեղացրել է կարգապահությունը,  մարտական պատրաստավածությունը: Մեզ հետ համագործակցությունը շատ լավ է իրականացվում»,-ասաց նա՝ հավելելով. «Ամեն հրամանատար իր ենթակաների համար, իհա´րկե, պատասխանատվություն կրում է՝ անկախ ամեն ինչից, բայց չեմ կարծում՝ հրամանատարը այս ամենի հիմնական մեղավորն է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Պերմյակովը շատ կարճ ժամանակ է, որ ծառայում է իր կողմից ղեկավարվող ռազմաբազայում: Իսկ զինվորների համալրման համար բազայի հրամանատարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ հրամատարը մեղավոր չէ, որ այդ զինվորը ծառայում է հենց իր կողմից ղեկավարվող ռազմաբազայում»:

 

Վերջում Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը ծառայության կազմակերպման մասով որոշակի պատասխանատվություն կկրի, որովհետև այդպես ընդունված է ողջ աշխարհում:


«Բայց չենք կարծում, որ նա է հիմնական մեղավորը»,-կրկնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, սպանել է գյումրեցի ընտանիքի 6 անդամի։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել միայն Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ էլ 7 օր անց մահացել։ Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը: Նա գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: