Ադրբեջանի ԶՈւ-ն PR նպատակներով իր հետ համագործակցող երկրների հսկա ցանկում «ֆիկտիվ» անուններ է ներառում
Այն երկրների ցանկում, որոնց հետ Ադրբեջանի Զինված ուժերը համաձայնագրեր ունի, կան մի շարք «ֆիկտիվ» անուններ, չհաշված իհարկե Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, որոնց հետ Ադրբեջանը լրջորեն համագործակցում է:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց razminfo.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այն պատկառելի ցուցակին, որը հրապարակել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես ռազմական ոլորտում իր հետ հուշագրեր ունեցող երկրներ:
«Ես իրականում համոզված եմ, որ այդ թվերը հրապարակվում են զուտ քարոզչական ազդեցություն գործելու համար, ցույց տալու, որ այ, տեսե՛ք՝ այսքան երկիր սատարում է Ադրբեջանին Հայաստանի դեմ պայքարում։ Բայց իրականությունն այն է, որ նույն այդ երկրների հետ Հայաստանն էլ կարող է նմանատիպ պայմանագրեր ունենալ: Ավելին՝ այդ տիպի պայմանագրերն ու համաձայնագրերը, շատ հաճախ, ոչ մի բան չեն նշանակում»,-ասաց նա։
Սրանք, ըստ նրա, շատ հաճախ ինչ-որ դիվանագիտական հաճոյախոսություններ են:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր razminfo.am-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 34 երկրների ռազմական գերատեսչությունների հետ համագործակցության համաձայնագրեր ու հուշագրեր ունի և, ըստ ադրբեջանական աղբյուրի, ներկայումս նման փաստաթղթեր ստորագրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ևս 26 երկրի հետ։ Եթե վերջինները դեռ չեն հստակեցվում, ապա առաջին կարգի երկրներ են՝ Թուրքիա, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պակիստան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Իսրայել, Ռումինիա, Բուլղարիա, Ղազախստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, ԱՄԷ, Հորդանան, Բահրեյն, Քաթար, Բելգիա, Ֆրանսիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Սլովենիա, Սերբիա, Խորվաթիա, Շվեյցարիա և Կորեայի Հանրապետություն։
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ վերն ասվածը չի նշանակում, որ Ադրբեջանը ակտիվ ձևով չի համագործակցում ցանկի որոշ երկրների հետ, բայց այդ թվերը, քանակը, որ «այսքանի հետ պայմանավորվել ենք, այսքանի հետ էլ դեռ պետք է պայմանավորվենք», զուտ քարոզչական էֆեկտի համար են:
«Օրինակ՝ հասկանանք՝ Թուրքմենստանը ինչո՞վ կարող է օգնել Ադրբեջանին, եթե ինքը տարածքային վեճ ունի նրա հետ, և այս երկիրը Ադրբեջանին որևէ լուրջ ռազմական օգնություն դժվար թե ցույց տալ: Բացի այդ, հասկանանք, որ Թուրքմենստանի բանակը կամ ռազմարդյունաբերությունը ինչ-որ մի երևելի բան չէ: Նույնը վերաբերում է Ղրղըզստանին, և այլն, և այլ»,-ասաց փորձագետը:
Նրա ամփոփմամբ՝ նման «վախեցնող» թվեր հրապարակելով, նրանք ուզում են ցույց տալ, որ աշխարհը Ադրբեջանի կողմից է:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այլ երկրների պայմանավորվածությունները Ալիևի հետ հիմնականում հիմնված են տնտեսական համագործակցության վրա, այսինքն՝ նավթ, գազ, էներգակիրների շուկա:
«Ինչ վերաբերում է այլ երկրների ռազմական գերատեսչությունների հետ համագործակցության մասին համաձայնագրերին, ապա դա վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը: Եվ Ադրբեջանը ավելի շատ փորձում է դիվերսիֆիկացնել իր զենքի շուկան: Այսինքն՝ տարբեր երկրներից փորձում է ամենատարբեր տեսակի նորագույն զենքեր ձեռք բերել: Սա այն հարցն է, որը մեզ պետք է շատ անհանգստացնի»,-ասաց Սարգիս Ասատրյանը՝ համաձայնելով, որ նման ցանկը նաև քարոզչական խնդիրներ է լուծում:
Այսուհանդերձ, ադրբեջանագետը կարծում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի , Հարավային Կորեայի, Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ավելի խորն է, քանի որ հենց այդ երկրներից է ձեռք բերում զենքը:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա նա նշեց, որ մենք, ցավոք, Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները չունենք՝ զենք ձեռք բերելու համար և, միակ երկիրը, որից զենք է ձեռք բերում Հայաստանը, Ռուսաստանն է:
Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում տեսական մակարդակով նկատելով, որ «ցանկացած պետություն ունենում է հարաբերություններ՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցություն», իր հերթին ասաց, որ սովորական պրակտիկա է նման ցանկ ներկայացնելը, մասնավորապես, թե ով ում հետ է համագործակցում, և որ այստեղ չկա որևէ արտառոց բան:
«Եվ մեր Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրություններում կարելի է բազմաթիվ նման տեղեկատվություններ տրամադրել, նույնպես՝ երկնիշ թվերով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին, ապա նա նշեց, որ որևէ նորություն չկա, որ Ադրբեջանը շատ ակտիվ սպառազինումների քաղաքականություն է վարում, և ինչին էլ նրանք պատրաստվեն, այդ «համագործակցող երկրների» թվով չի որոշվում: Իսկ սպառազինության այն մակարդակին, ինչին հասել են, ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ առաջին հերթին հասել են շնորհիվ Ռուսաստանի։










