Բաղանիսի գյուղապետը հերքում է, թե դիվերսանտ է հայտնվել գյուղում
Tert.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, թե անցնող գիշերվա ընթացքում գյուղում լարվածություն չի եղել:
«Հանգիստ է եղել: Բաղանիսը համեմատաբար դիրքերից ավելի հեռու է, քան մյուս գյուղերը, և այս գիշեր գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,-ասաց Նարեկ Սահակյանը:
Արձագանքելով խոսակցություններին, թե ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել, եղել է դպրոցի զուգարանում, աշակերտներն էլ նկատել են նրան, գյուղապետն ասաց. «Դա եղել է երեխայի երևակայությունը: Բանակն իր տեղում է, հնարավոր չի, որ նման բան եղած լինի»:
Հիշեցնենք, որ ըստ aravot.am-ի՝ հունվարի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում և Նոյեմբերյան քաղաքում խոսակցություններ էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել:










