Ադրբեջանն իր զոհերի մասին տեղեկատվությունը որոշել է «դոզավորված» տալ. փորձագետ

19:43 • 26.01.15

Ադրբեջանը փակել է իր տեղեկատվական դաշտը բոլոր այն միջադեպերի համար, որոնք կապված են իր երկրի հետ, և որոշել է ողջ տեղեկատվությունը «դոզավորված» տալ, քանի որ սովորաբար Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ է կրում` հայկական կողմի հետ բախման ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի լրատվամիջոցներում սահմանի լարվածության, զոհերի դեպքերի լուսաբանման թեմային: «Այսպես թե այնպես, այդ պրակտիկան ի վերջո հարվածելու է Ադրբեջանին, որովհետև ինչ-որ քանակության զոհերի դեպքում անհնար կլինի թաքցնել, և այս ամեն ինչը ջրի երես դուրս կգա: Շատ հաճախ Ադրբեջանը փորձում է իր մարտական կորուստները ներկայացնել կենցաղային կորուստների տեսքով»,-ասաց նա:

 

-Խնդրում եմ զուգահեռներ անցկացնել հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից սահմանային լարվածության, զոհերի թվի, միջադեպերի լուսաբանման միջև։


-Ադրբեջանը փակել է իր տեղեկատվական դաշտը բոլոր այն միջադեպերի համար, որոնք կապված են իր երկրի հետ: Սովորաբար Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ է կրում` հայկական կողմի հետ բախման ժամանակ, և դա բավականին ծանր է նստում ազգաբնակչության վրա, քանի որ այն խոսքերը, թե Ադրբեջանի փառապանծ բանակը մեկ օրում Արցախը կազատագրի հայերից, այդ ամեն ինչը դառնում է լեգենդ և սուտ: Հետևաբար, իրենք որոշել են այդ դաշտն ընդհանրապես փակել, և ողջ տեղեկատվությունը «դոզավորված» տալ` միայն Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կողմից հաստատվելուց հետո: Ինչ վերաբերում է մեզ, ապա հայկական կողմը չի թաքցնում իր զոհերը, որովհետև թաքցնելը միշտ սխալ բաների է բերում: Այսպես թե այնպես, այդ ամեն ինչը իմացվում և տարածվում է, և ժողովրդի մեջ պետական խոսքի նկատմամբ հավատը կորում է: Դրա համար այստեղ հոգեբանական մի քիչ ծանր վիճակ է, որը պետք է հասկանալ. փաստորեն հայկական կողմն ասում է, որ զոհեր ունի, իսկ ադրբեջանական կողմը ձայն չի հանում իր զոհերի մասին, և առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դիվերսիաների և  բախումների հետևանքով միայն հայերն են զոհվում, իսկ ադրբեջանցիները կարծեք հաղթած են դուրս գալիս այդ վիճակից, ինչը սխալ պատկերացում է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը ձայն չի հանում: Այսպես թե այնպես այդ պրակտիկան ի վերջո հարվածելու է Ադրբեջանին, որովհետև ինչ-որ քանակության զոհերի դեպքում անհնար կլինի թաքցնել և այս ամեն ինչը ջրի երես դուրս կգա: Շատ հնարավոր է, որ մեկ շաբաթվա ընթացքում կարդանք Ադրբեջանի տարբեր զոհերի մասին, որոնք մեքենայի տակ են ընկել, շանթահարված են եղել, խեղդվել են կամ ինքնասպանություն են գործել: Այսինքն՝ շատ հաճախ Ադրբեջանը փորձում է իր մարտական կորուստները ներկայացնել կենցաղային կորուստների տեսքով, որպեսզի կրկին ժողովրդին վատ վիճակի մեջ չգցի: Հայկական կողմը ներկա պահին ավելի կանխարգելման գործողություն է իրականացնում, ինչի արդյունքում ցավոք սրտի զոհեր են լինում, սակայն դա ապագայում մեզ կապահովի ավելորդ զոհեր ունենալուց:


-Հայտնի է, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում քարոզչության ուղղությամբ բավականին գումարներ է ծախսում։ Ադրբեջանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու հարցում Հայաստանի ջանքերը բավարա՞ր եք համարում:


-Ադրբեջանը հսկայական միջոցներ է ուղղում այդ ամեն ինչի վրա, սակայն  դեռևս Ադրբեջանի քարոզչությունը մի քիչ անտաղանդ է, և շատ հաճախ այն գումարները, որոնք ուղղվում են քարոզչության վրա, Ադրբեջանի որոշ մարդկանց կողմից ուղղակի մսխվում են: Այսինքն`իրենք դեռևս սովորում են արտաքին քարոզչություն անել: Պետք է իհարկե փորձել մեր միջոցներով, ունեցած ռեսուրսներով հակազդել դրան և նախահարձակ լինել: Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետություն + Սփյուռքը պայքարում է Թուրքիա+ Ադրբեջան քարոզչական ճակատում: Սխալ կլինի դիտարկել Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչությունը առանձին-առանձին, որովհետև շատ հաճախ Ադրբեջանը կատարում է Թուրքիայի պատվերները, որոնք Թուրքիան չի ցանկանում անել իր անունով:

-Իսկ ի վերջո արդյունքներն ի՞նչ են ցույց տալիս, միջազգային լրատվամիջոցներում պատկերն ինչպիսի՞ն է։


-Նույն արտասահմանյան լրատվամիջոցներն իրենք էլ են պատվեր կատարում և այդ պատվերը կատարում են՝ ելնելով ենթադրություններից, թե իր պետությունը տվյալ գլոբալ աշխարհաքաղաքական խաղում, որ դիրքն է զբաղեցնում: Այս ամեն ինչը հիմա ավելի պարզ է դառնում, որովհետև աշխարհը բաժանվել է Ռուսաստան և հակառուսաստան վիճակների և այդ պրիզմայով է ամեն ինչ դիտվում: Այսինքն, եթե եվրոպական հասարակության կամ լրատվամիջոցների համար ինչ-որ դեպք ինչ-որ ձև ցավ կարող է պատճառել Ռուսաստանին, իրենք այդ դեպքի կողմն են:


-Շատ է նշվում, որ բանակն իր առաջ դրված խնդիրը կարողանում է լուծել, համարժեք պատասխան տալ, իսկ տեղեկատվական դաշտում կարողանո՞ւմ ենք մեր առաջ դրված խնդիրն իրականացնել:


-Գլոբալ առումով` այո: Այսինքն՝ անարձագանք բան չի եղել, բոլոր դեպքերին պատասխան տրվել է, և դեպքեր կան, որոնց պատասխան պետք էլ չէ տալ: Ամենօրյա գործընթաց է սա: Հայկական կողմը կարողանում է իր ունեցած միջոցների և հնարավորությունների շրջանակում պատասխաններ տալ, բայց տեղեկատվական պայքարն ամենօրյա` և՛ տակտիկական, և՛ ռազմավարական խնդիրներ ունեցող գործընթաց է:

Ադրբեջանն իր զոհերի մասին տեղեկատվությունը որոշել է «դոզավորված» տալ. փորձագետ