Թուրքիայի դաշնակցի լուռ համաձայնությամբ 1,5 միլիոն հայ կոտորվեց. պատգամավորի հակադարձումը՝ ԳԴ նախկին դեսպանին

16:04 • 27.01.15

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում հակադարձելով Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդտի այն հայտարարությանը, որ այնպիսի տպավորություն է, որ  ռուսները տերեր են,  իսկ հայերը՝ ստրուկներ, նկատեց, որ  Թուրքիայի  դաշնակից Գերմանիայի  հանցավոր լռությամբ՝ նախորդ դարասկզբին 1,5 միլիոն հայ է կոտորվել: Նա նաև նշեց, որ Գերմանիայի Դաշնության ներկա դեսպանը պետք է պարզաբանի իր նախորդի արտահայտությունները։ 

 

-Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը  մի  քանի  ուշագրավ հայտարարություն էր արել և  իրականությունից անդրադարձ կատարելով ռուս դասականներին՝  Պուշկինին ու Լերմոնտովին, նշել, որ նրանք  են նկարագրում Կովկասը որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին, և անմիջապես հավելել էր, որ այնպիսի տպավորություն է, որ ռուսները տերեր են , հայերը՝ ստրուկներ: Եվ, ենթադրվում էր, որ նման հայտարարությունների համար նա հիմնվում է իր այստեղ աշխատելու տարիներից ստացած ընկալումներին ու տպավորություններին: Քանի որ գերմանացի դիվանագետն այս ամենն  ասում է Գյումրիի դեպքերի համատեքստում, ի՞նչ կարող եք ասել որպես Գյումրիից ընտրված պատգամավոր:


-Իրեն և մնացած բոլորին խորհուրդ կտամ գեղարվեստական գրականությունից բխեցրած պատմական ակնարկներ չանել, որովհետև ես էլ կարող եմ պատմական ակնարկ  ներկայացնել, թե ինչպես 1,5 միլիոն հայ կոտորվեց Թուրքիայի   դաշնակից Գերմանիայի հանցավոր լռությամբ: Եվ որպես երկրորդ պատմական ակնարկ կարող եմ վկայակոչել, թե երբ  նրանք  սխալ պատկերացում  ունեին իրենց ազգային իդեաների ու գաղափարախոսության շուրջ, 200 հազար հայ էլ զոհվեց՝  աշխարհը  ֆաշիստական չարիքից ազատագրելու համար: Այնպես որ, կարծում եմ՝ Գերմանիայի ներկա դեսպանը պետք է հանդես գա պարզաբանմամբ՝ իր նախորդի արտահայտությունները լուսաբանելու համար:


Իսկ անդրադառնալով Գյումրիի դեպքերին... ահավոր դժբախտություն է եղել, և, ցավոք սրտի, չենք վերադարձնի զոհվածներին, բայց կարծում եմ, որ սա միայն մեր և Ռուսաստանի Դաշնության խնդիրն է. երկու երկրների  իրավապահների ու  իրավաբանների խնդիրն է: Փառք Աստծո, Աստված մեզ այնքան խելք և իմաստնություն տվել է, որպեսզի  այս պատմությունը ճիշտ հանգուցալուծում ստանա, և մեր խոցված  ինքնասիրությունը վերականգնվի, որքան էլ, կրկնում եմ, այն հետ չի բերի գյումրեցի ընտանիքին: Ուզում եմ ասել, որ սա մեր խնդիրն է, և որ ինչ-որ մարդիկ ուզում են էս կրակի վրա իրենց ձեռքերը տաքացնել:  Խորհուրդ եմ տալիս հեռու մնալ՝ մանավանդ պատմական ակնարկներ անելով:


-Այսինքն՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ ամեն ինչ խառնվել է իրար , Մերձավոր Արևելք, Ուկրաինա, սառը պատերազմ-2,  տեղեկատվական պատերազմ, Ձեր կարծիքով՝ մարդիկ, նաև դեսպաններ օգտվում են առիթից և այդ ողբերգությունը շահարկո՞ւմ են:


-Նկատի չունեմ  դեսպաններին, դիվանագետներին... ընդհանրապես, տպավորություն է, որ ինչպես հայտնի ասացվածքում՝ այս կրակի վրա ձեռք տաքացնողները շատ են:  Բայց նորից եմ կրկնում, մենք պետք է այնքան խելք ու իմաստնություն ունենանք, որպեսզի այդ խնդիրը լուծենք այնպես, որ  քաղաքի և բազայի՝ իրար հետ ապրելու ներդաշնակությունը վերականգնվի:


-Հետևե՞լ եք, կա՞ քաղաքի և բազայի միջև աններդաշնակություն, օտարում:


-Բնականաբար, սարսափելի բան է տեղի ունեցել,  քնած մարդիկ և երեխաներ են սպանվել, սա չի կարող անհետևանք մնալ, և, բնականաբար, որոշակի ընդվզում և արդարացի պահանջ է հասունացել: Բայց, կարծում եմ, որ ժամանակի մեջ գտնվելիք լուծումների միջոցով կփորձենք վերականգնել գյումրեցու սասանված պատվախնդրությունը:


-Վերադառնալով  Գյումրիի դեպքերին՝ մարդիկ կարծիք են հայտնում,  որ Գյումրին պետք է դաս լինի, բայց չեն ասում ինչ  դաս պետք է լինի: Ձեր կարծիքով՝  Գյումրին ի՞նչ դաս պետք է լինի հայ  հասարակության համար:


- Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, բայց  կարծում եմ, որ պետք է դաս լինի առաջին հերթին Ռուսաստանի իշխանության համար, որպեսզի ռազմաբազա ուղարկեն ֆիզիկապես և հոգեպես առողջ զինվորների: Գյումրեցիներն ուզում են, որ  իրենց մոտ ուղարկեն հատուկ ընտրված, ամենապրոֆեսիոնալ, ամենաօրինակելի զինվորներին:  Տրամաբանական է և ավելի քան վստահ եմ, որ բազայի սպայակազմի բոլոր այն մարդիկ, նաև Ռուսաստանում, ում անփութության պատճառով  դեպքը տեղի է ունեցել, պետք է պատժվեն: Եվ դա արդար ու տրամաբանական պահանջ է:


-Ամփոփելով՝ ի՞նչ կարող եք ավելացնել:


-Կարող եմ ավելացնել, որ մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ ու իշխանություն, ու ռուս պատգամավորները, որոնց հետ այս հարցը բովանդակային և հանգամանալից քննարկել ենք, պետք է գտնենք բոլոր հնարավոր և անհնար քայլերը, որպեսզի այս սարսափելի հանցագործության հետևանքները հաղթահարված լինեն: Նորից եմ կրկնում, զոհվածներին հետ չենք բերի, բայց մնացած հարցերը պետք է կարգավորվեն, որ նման բան երբևէ կրկնվելու որևէ հնարավորություն չլինի: Նաև վերականգնվեն  փոխադարձ հարգանքն ու բարիդրացիական հարաբերությունները: