Նոր հուշագրով ԵԿՄ-ի անդամներին բուժօգնություն կտրամադրվի

16:22 • 27.01.15

Երկրապահ կամավորականների միության և Առողջապահության նախարարության միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր, ինչը ենթադրում է, որ երկրապահներն ու նրանց ընտանիքների անդամները հարկ եղած դեպքում կստանան անհրաժեշտ բուժօգնությունը:


Հուշագիրը ստորագրելուց հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ այդ փաստաթղթով ոչ թե նոր էջ է բացվում, այլ հաստատում է այն մոտեցումները, որ տարիների ընթացքում ավանդական են դարձել:


«Կուզեի նշել, որ հուշագրով հաստատեցինք մեր մոտեցումները, և հաստատեցինք այն ուղղությունները, որ հետագայում կարողանալու ենք դյուրին ձևով օգնություն տրամադրել ձեզ, ձեր ընտանիքներին, մասնակցություն ունենալ դժվարամատչելի բժշկության տրամադրման հարցում: Առողջությունը բացարձակ արժեք է»,-ասաց նա:


Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ նշեց, որ Հայոց պետականության ստեղծման ժամանակ ստեղծվել է նաև բժշկության համակարգը, և 1989թ-ից պատերազմի դաշտում եղել են նաև բժիշկներ ու բուժքույրեր:


«Նրանք հայ ժողովրդի լավագույն մարտիկներից են: Պետականություն ունենալուց  հետո, երբ համակարգը սկսեց աշխատել, բոլոր հիվանդանոցներում ուղղաթիռներով 24 ժամ անմիջական օգնություն էին ցույց տալիս: Մեզ այսօր իրոք բոլոր հիվանդանոցներն են աջակցում, բայց «Գրիգոր Լուսավորիչը» վերջին տարիներին այնքան օգնություն է ցույց տվել, որ երկրապահները ասում են՝ մեր հիվանդանոցը»,-ասաց նա:


Գեներալ Մանվելը նշեց, որ չի կարող ասել, թե այսօր Հայաստանում բժշկությունը հասել է 100% կատարյալ վիճակի, բայց այն կարելի է բնութագրել 90%-ով:


«Գերմանիայից վատ չէ»,-ասաց նա: