Թուրքիան նոր փուլի է պատրաստվում. Էթյեն Մահչուփյան

17:57 • 27.01.15

Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը Էթյեն Մահչուփյանի նշանակումը տարբեր կողմեր տարբեր կերպ արձանագրեցին՝ գովեստներ, քննադատություն ու բացասական արձագանքներ եղան:


Թուրքական Dinamik gazete պարբերականը զրուցել է Բողազիչի համալսարանի շրջանավարտ, Թուրքիայում առաջին անգամ նման պաշտոնի նշանակված քրիստոնյա Էթյեն Մահչուփյանի հետ թե՛ իրեն ուղղված քննադատությունների, թե՛ քաղաքականության մասին:


Մահչուփյանը նշել է, թե ոչ բոլոր հայերն են քննադատել իր նշանակումն այդ պաշտոնում և շնորհավորողներ էլ են եղել: Անդրադառնալով տարբեր մեկնաբանություններին, Մահչուփյանն ասել է. «Դրանք ինձ շատ չեն հետաքրքրում, բայց ականջիս հասած հիմնական քննադատությունն այն է, որ կառավարությունը 1915-ի հարյուրամյակի նախաշեմին հայ ինքնությամբ մեկին իրեն խորհրդական դարձրեց: Բայց մենք մինչ այժմ վարչապետի հետ այդքան ճանապարհ ենք անցել: Հայկական հարցի վերաբերյալ որևէ խոսք չի եղել»:


Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կառավարությունից ունեցած իր ակնկալիքների մասին, նա ասել է, որ Թուրքիան նոր փուլի է պատրաստվում: «1915-ի հարցն անշուշտ միայն պատմական հարց չէ: 1915-ի հարցը հետաքրքրում է ներկայումս ապրող մարդկանց, փոխհատուցման նման բաներ կան: Հարցը միևնույն ժամանակ պետությունների հարցի է վերածվել: Այդ պատճառով էլ հարցի լուծումը էթիկայի, քաղաքավարության նորմերով լուծել չի ստացվում: Այդ հարցերի լուծումը ուժային հարաբերությունների, սակարկությունների միջոցով է կայանում»,-ասել է նա:


Մահչուփյանը պատասխանել է նաև խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ առերեսման ու դրա առաջացնելիք հնարավոր տրավմաների մասին:


Պատասխանելով հարցին, թե ի՞նչեր են տեղի ունենալու առաջիկա օրերին, Մահչուփյանն ասել է. «Իմ կարծիքով տրավմաների փուլն արդեն անցել է: Ամենատրավմատիկը, երբ մի կողմից ես նայում, հայկական հարցն էր, մյուս կողմից՝ կարող է լինել ալևիների հարցը: Այս պահին տեսնում ենք, որ թուրք հասարակության հորիզոնը բացվում է արագորեն: Հասկանում են, որ մարդկանց՝ այլ մարդկանց՝ նման ապրելը, նույն իրավունքներն ունենալը ամենաբնական բանն է: Հետևաբար, ես չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն»: