Սաստիկ ձնաբուքը կաթվածահար է արել կյանքը Նյու Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը ներկայիս եղանակային պայմանները նկարագրել է որպես «կյանքին սպառնացող ձնաբուք», որը պատուհասել է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներին, գրում է euronews.com-ը:
Ուժեղ քամին և ձյան գրեթե մեկ մետրի հասնող առատ տեղումները հնարավոր է կաթվածահար անեն կյանքը Նյու Ջերսիից մինչև Մեն նահանգներ, որոնց բնակչությունը ներառում է ամերիկացիների 20 տոկոսը:
Նյու Յորք նահանգի նահանգապետը հայտարարել է համատարած արգելքի մասին, համաձայն որի ցանկացած անձ, ով իր անձնական մեքենայով կտեղաշարժվի նահանգի տարածքում, կտուգանվի մինչև 300 դոլարով:
Նյու Յորք քաղաքում դպրոցները փակվել են մինչև չորեքշաբթի: Քաղաքում գնացքները և հանրային տրանսպորտի այլ միջոցներ մնացել են ձյան մեջ խրված:
Հայտնի Թայմ Սքուերը, որը համարվում է Նյու Յորք քաղաքի գործարար կենտրոնը և զբոսաշրջիկների սիրելի վայրը, պատված է առատ ձնով։ Ներկա պահին տեղումները շարունակվում են:
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներում մոտ 3 000 ներքին թռիչք է չեղյալ համարվել, ամենաշատը տուժել են Նյու Յորք և Բոստոն քաղաքները:





























