ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել փակել սահմանը Ուկրաինայի հետ

23:45 • 27.01.15

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Իլկա Կաներվան Ռուսաստանին կոչ է արել փակել Ուկրաինայի հետ սահմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Առաջարկը պայմանավորված է Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածությամբ:

 

Կաներվան հայտարարել է, որ ռուսաստանցի առաջնորդները խոսում են, թե սատարում են խաղաղ կարգավորումը Ուկրաինայում: Եվ հենց դա հաշվի առնելով էլ Ռուսաստանին առաջարկվել է փակել սահմանը՝ այդ կերպ կանխելով Ուկրաինայի տարածք զենքի կամ զինյալների անցումը՝ կամավորներ լինեն, թե այլք:

 

Պաշտոնյան նկատել է, որ ուկրաինացի անջատողականների ժամանակակից զենքը չի կարող անհայտ որևէ տեղից հայտնվել:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ևս դիմել էր Ռուսաստանին՝ առաջարկելով իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից և փակել սահմանը:

 

Մոսկվան պնդում է, թե հակամարտության կողմ չէ Ուկրաինայում, ժխտում զինամթերքի մատակարարումը: