Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

20:29 • 27.01.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

 

«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի և միջազգային դերի ամրապնդման տարիներ:

 

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները և համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական կապերի, փոխադարձ աջակցության և վստահության վրա: Լիահույս եմ, որ որպես Հունաստանի վարչապետ՝ Դուք հանձնառու կլինեք հայ-հունական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և համատեղ ջանքերով մեր համագործակցության հարուստ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրությո ւն մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: