Տրանսսեքսուալը պատմել է Հռոմի պապի հետ հանդիպման մասին (լուսանկարներ)
Դիեգո Ներիա Լեյառագա անունով իսպանացի տրանսսեքսուալը պատմել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, գրում է lenta.ru-ն՝ HOY.es-ին հղումով:
Նա պատմել է, որ հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Ֆրանցիսկոս I-ի՝ Վատիկանում գտնվող նստավայրում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև իսպանացու հարսնացուն: Նշվում է, որ Լեյառագան քահանայապետից հրավերը ստացել էր 2014-ի դեկտեմբերի վերջին:
Հրատարակությունը նշում է, որ սա առաջին անգամ է, երբ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հանդիպում է սեռը փոխած անձի հետ:
Ֆրանսիս ԴեԲերնարդոն, ով զբաղվում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ, Huffington Post-ին ասել է, որ տրանսսեքսուալ անձի հետ հանդիպումը հնարավոր է հովվական խնամքի դրսևորում լինի, կամ էլ այդ քայլը պարզապես տրանսգենդերների հանդեպ հետաքրքրության դրսևորում է:
Տրանսսեքսուալիզմը հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից որպես այդպիսին ընդունվելու ցանկությունն է, որն ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով։














