Թուրքիայում անօրինական գաղտնալսումների գործով 26 ոստիկան է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկրի անվտանգության ծառայության 26 սպայի՝ անօրինական գաղտնալսումների գործի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հատուկ գործողությունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում:
Սպաները ձերբակալվել են դատախազության հրահանգով: Նրանք բոլորն էլ աշխատել են ոստիկանական հետախուզությունում:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին Թուրքիայում հակակոռուպցիոն աղմկահարույց գործողություն էր տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել էին նախարարների որդիներ, հայտնի գործարարներ, գործիչներ:
Դրանից հետո երկրում ձերբակալությունների նոր ալիք սկսվեց՝ «պետության ներսում զուգահեռ պետություն» ստեղծելու կասկածանքով: Ձերբակալվածներին, իբր, ֆինանսավորում է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլա Գյուլենը, ով համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը:










