Հայաստանը պետք է հաճախականություն ունենա տիեզերքում. Արտակ Զաքարյան
«Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» և «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագրերը պայմանավորված են նրանով, որ Հայաստանը տիեզերքում պետք է ունենա հաճախականություն: Դրանք որևէ կապ չունեն ԵՏՄ –ին Հայաստանի անդամակցության հետ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Դրանք պայմանագրեր են, որոնց պետք է միանանք, որպեսզի կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որոնք Հայաստանում կան, և տրանսպորտի նախարարությունը իրականացնում է դրանք: Մենք պետք է տիեզերքում ունենանք հաճախականություն, որի օգտագործման և տնօրինման համար պետք է նաև միջազգային պարտավորություններ ստանձնենք: Դրանք ընթացակարգային համաձայնագրեր են, որոնց ուղղակի միանում ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում առաջիկայում պետք է քննարկվի այդ երկու համաձայանգիրը:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ դա խոսում է նաև այն մասին, որ Հայաստանում տեխնոլոգիական առաջընթաց կա, և Հայաստանը պետք է կարողանա օգտվել նաև միջզագային կարողություններից:










