Հոր կողմից կացնահարված որդու հուղարկավորությանը մայրը չի մասնակցել

14:32 • 31.01.15

Հանրությանը ցնցած  սպանության զոհի՝ հոր կողմից կացնահարված Գերման Ոսկանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել ոչ թե իրենց բնակարանից, այլ մոտակա եկեղեցուց և սպանվածի մայրը ներկա չի եղել որդու հուղարկավորությանը:


Այս մասին  Tert.am-ին հայտնեց Ոսկանյանների հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ անունը հրապարակել:


Նա նաև տեղեկացրեց, որ շենքում խոսում են այն մասին, որ մայրը ևս խառնված է եղել այդ պատմությանը, ինչը, սակայն, քննչական կոմիտեում մեր աղբյուրը հերքեց՝ որակելով որպես բամբասանք: Սակայն ինչ վերաբերում է  մոր՝ որդու թաղմանը չգնալուն, ապա սա բացատրվեց նրանով, որ լարված են մոր և սպանվածի կնոջ՝ հարսի հարաբերությունները:


Հիշեցնենք, որ  ոստիկանությունը հաղորդել էր, որ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին, ասելով, որ Գերմանը նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:


Իսկ մի քանի օր անց  նույն շենքի   բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով, ինչից հետո հայրը խոստովանել էր, որ ինքն է սպանել որդուն,  դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել:


Tert.am-ին Քննչական  կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ձերբակալված  Կարապետ Ոսկանյանի նկատմամբ երեկ մեղադրանք է առաջադրվել, կալանքի որոշում է կայացվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 

Հոր կողմից կացնահարված որդու հուղարկավորությանը մայրը չի մասնակցել