Իգոր Մուրադյանը թող Ալիևից մեդալ ստանա, Գաբոն քահանայի դերն է կատարում. Դավիթ Բաբայանը՝ Բերձորի դեպքերի մասին

16:00 • 02.02.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու փաստին, նշեց, որ «գրանտակերներն իրենց փողերն են աշխատում, իսկ Արցախում բոլորը վատ հոգեբանական վիճակում են»։ 
 

-Պարո՛ն Բաբայան,  հայտնել էիք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սադրանքի են ենթարկել ոստիկաններին՝ Բերձորի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:  Ինչո՞ւ եք այդպես կարծում:


- Տեղի է ունեցել շատ վատ զարգացում, որ իրոք բոլորիս համար վատ է, վատ հոգեբանական վիճակում ենք: Բայց պետք է փաստել, որ այդ նախաձեռնություններն իրականացնողները հասել են իրենց նպատակին: Նրանց նպատակը եղել է այ այդպիսի իրավիճակ ստեղծելը՝ ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելով: Սրա վառ ապացույցը նույն նախաձեռնության անդամներից մեկի՝ Իգոր Մուրադյանի տված հարցազրույցն է, որտեղ որակումները, որ նա տալիս է Արցախի Հանրապետությանը, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Բաքվից Իլհամ Ալիևն է խոսում կամ չգիտեմ… Էլմար Մամեդյարովը: Այնպես որ, երևի ստանում է Բաքվից համապատասխան  մեդալները: Եվ այսօրվա նրանց ասուլիսը վառ վկայությունն է՝ ի՞նչ են նրանք ուզում:
 

Եվ Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու էդ գործընթացի հետ կապակցում են իրենց նեղ անձնական շահերը, Արցախը փորձում են ներգրավվել ներհայկական «մուտիլովկաների» մեջ: Մենք ո՛չ մասնակցում ենք ՀՀ որևէ համապետական ընտրությունների՝  նախագահական, Ազգային ժողովի, ո՛չ էլ մասնակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ի՞նչ կապ ունի Արցախը և այդ իշխանափոխությունը:


-Այսուհանդերձ, չե՞ք կարծում, որ արձագանքը չափազանց կոշտ է եղել՝ ջարդել, ծեծել…


-Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել. տալիս են այդ կադրերը, բայց որևէ կադրի մեջ չկա ձայնագրություն: Իսկ ինչո՞ւ պետք է ոստիկանը, նորմալ մարդը դիմի նման քայլերի: Իսկ ինչո՞ւ չկան այդ տեսաձայնագրությունները, որովհետև իրենց պետք չէ, որովհետև իրենք ինչ ասես ասել են։ Սեֆիլյանը չի էլ ամաչում, իր կինը ծանր հիվանդ, քաղցկեղով, ըստ որոշ տվյալների, բերում է իր հետ ավտոարշավի: Ամոթ չի՞, այս ի՞նչ է կատարվում: Այս ամենը թողած՝ մեղքը բարդում են  ոստիկանության վրա: Ես չեմ արդարացնում բռնությունը, հասկացեք: Բայց հիշենք, թե պրովոկացիաներն ինչ դեր են ունեցել, հիշենք 1905 թվականին ռուսական «Արյունոտ կիրակիից» առաջ նույն իրավիճակն էր, երբ Գաբոն՝ քահանան, նույն դերակատարությունն ունեցավ: Եվ հիմա այդ Մուրադյանը ողջ աշխարհի առաջ կանգնում, ասում է՝ Արցախի Հանրապետությունը գոյություն չունի: Իրենք հասել են իրենց նպատակին, կեղտոտ նպատակին, նեղ, անձնական նպատակին, հրահրել են այդ պրովոկացիան, բերել են և ողջ աշխարհով մեկ այդ մարդակերները, գրանտակերներն իրենց փողերն են աշխատում: Ամոթ է ուղղակի, մեծ հիասթափություն ենք մենք ապրում: Հասկանում եմ՝ ոստիկանությունը ստիպված է եղել, միգուցե պետք էր ավելի..., բայց այն ժամանակ շատ դժվար էր կողմնորոշվել, մանավանդ, որ ցանկացած քայլերի են դիմում: Նրանց խնդրել են նախօրոք, հորդորել, որ նման նախաձեռնություններն Արցախում չեն ընկալվում, և մի քանի հարյուր մարդ մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա կանգնած է եղել, որ հանկարծ բախում չլինի: Ամեն ինչ արել են, որպեսզի լինի այն, ինչ եղավ:


-Այսինքն՝ այն քաղաքացիական անձինք, որոնք  կանգնած  էին ոստիկանների մոտ, դրանք այն մարդիկ էին, ովքեր...


-Նրանց թվում էին նաև այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ոստիկաններ, որոնք անմիջապես կանգնած են եղել այդ ավտոշարասյան դիմաց: Նրանք զինված չէին, զինված էին այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք պետք է զինված լինեին, որովհետև չէր բացառվում ցանկացած այլ պրովոկացիա: Իսկ մի քանի հարյուր հոգի էլ, Ազատամարտիկների միության վետերաններ, երիտասարդական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, կանգնած էին մոտակայքում: Այդպիսի իրավիճակ էր, և այնպիսի մի հարված հասցվեց, որ ես չգիտեմ ինչ ասեմ:


-Բայց Շուշիի հերոսին, առհասարակ, հայ մարդուն ինչպես…


-Խնդրում եմ էլի, էպիտետներով չխոսել: Լավ, ինչի՞ համար է էդ մարդը կռվել, որպեսզի իր սխալ գաղափարները պարտադրի ամբողջ ազգի՞ն… Ի՞նչ է նշանակում հերոս… Այդ օրը մի քանի Արցախի հերոս էին այդտեղ կանգնած, մասնակցում այդ հանդիպմանը: Ինչ է, որ կռվել է հայրենիքի համար… Շնորհակալ ենք, բայց դա չի նշանակում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը խառնեն իրենց նեղ անձնական քաղաքական խաղերին, իշխանափոխությանը: Ի՞նչ է՝ Դուք արդարացնո՞ւմ եք այդ աննորմալ գաղափարները… մի հատ տեսեք՝ Մուրադյանը ինչեր է ասում: Կարծես «Տրենդ» գործակալությունից մեզ հաղորդեն…


-Տեսաձայնագրությունից երևում է, որ վերևում սև հագուստներով մարդիկ կային, դրանք դիպուկահարնե՞ր էին: 


- Չէ, նրանք դիպուկահարներ չեն եղել, ամեն ինչ կեղծում են, եղել են համապատասխան ստորաբաժանումների անդամներ, որ, եթե հանկարծ, Աստված մի արասցե, իրավիճակը էլ ավելի վատանա, զենք օգտագործվի, որպեսզի կանխվի այդ ամենը: Մենք հո աննորմալ չե՞նք, որ հարձակվենք հասարակ մարդկանց վրա, ինչի՞ համար … Մենք ամենաքիչն ենք շահագրգիռ, որ նման բան տեղի ունենա: Մենք հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք: Խնդրել են, որ չգան, բայց տեսեք՝ ինչ են անում:  Հիմա մեկը չի ասում՝ այ Իգոր Մուրադյան, եթե նման բաներ ես խոսում, գնա Բաքու ապրի:


- Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ոստիկաններն ինչ-որ կարգապահական տույժերի պե՞տք է ենթարկվեն:
 

- Դա ցույց կտա ընթացքը: Իրավիճակն այն է, որ ամեն ինչ արել են, որպեսզի դա տեղի ունենա: Դժբախտաբար:


-Իսկ ծառայողական քննություն նշանակվելո՞ւ է:


-Դա արդեն, խնդրում եմ, Ոստիկանությունից: