Առանց մեկնաբանությունների. Գ. Կոստանյանի դիմումի մասին հարցին պատասխանեցին ՌԴ գլխավոր դատախազի գրասենյակից
Առանց մեկնաբանությունների. Tert.am-ը նման պատասխան ստացավ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության լրատվամիջոցների հետ փոխգործակցության վարչությունից՝ ի պատասխան հարցի, թե քննարկվել է արդյոք Վալերի Պերմյակովին ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությունը և ինչ ընթացք կարելի է ակնկալել:
Սույն վարչության աշխատակցուհին, որ ավելի վաղ խոստացել էր ճշտել, մեկ ժամ անց ասաց. «Գիտեք՝ հնարավոր չեղավ ճշտել, այնպես որ՝ առանց մեկնաբանությունների»:
Աշխատակցուհին, ճշգրտող հարցին, թե «առանց մեկնաբանությունների»-ն, միայն այսօրվան է վերաբերվում, թե առհասարակ, ասաց, որ միայն այսօրվան:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր անց մահացել:










