Սոչիում արջերին հարբեցող են դարձրել` ռեստորանի հյուրերին զվարճացնելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուս իրավապահները Սոչի քաղաքի մի խումբ բնակիչներից բողոքներ ստանալուց հետո տեղի ռեստորաններից մեկից փրկել են 2 արջի, որոնք հյուրերին զվարճացնելու նպատակով վերածվել են իսկական հարբեցողների:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հետաքննության ընթացքում պարզվել է, որ կենդանիները գտնվում են ռեստորանի տնօրինության տակ արդեն մոտ 20 տարի: Այդ ողջ ընթացքում կենդանիների իրավունքները ոտնահարվել են, նրանք դարձել են մարդկային անտարբերության ու սառնասրտության զոհ:

Ռեստորանի տնօրինությունը, ինչպես նաև հաստատության այցելուները, նրանց անընդհատ ալկոհոլային խմիչքներ են տվել` պարզապես զվարճանալու համար:

Սակայն ռեստորանի տերը` Ջենիկս Ուզարոշվիլին, պնդում է, որ մշտապես խնամել է արջերին ու երբեք նրանց չի վնասել: Նա նաև հավելել է, որ ալկոհոլային խմիչքներն օգտակար են արջերի համար:

Այժմ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները պետք է նոր բնակավայր գտնեն արջերի համար:










