Եթե Հայաստանի կողմից հարձակման միջադեպ եղել է, թող ԵԱՀԿ-ն քննի այն. Արծրուն Հովհաննիսյան

13:33 • 11.02.15

Եթե հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից Ադրբեջանի ռազմական դիրքերին որևէ հարձակում է եղել, սադրանք, ապա ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում, որ միջազգային դիտորդական առաքելությունները, մասնավորապես, ԵԱՀԿ-ն գա և քննի այդ միջադեպը: Եվ եթե Ադրբեջանը նման փաստ ունի, թող ներկայացնի:


Այս մասին Tert.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցի այն հայտարարությունը, որ հայկական կողմը փորձել է հարձակում գործել Ադրբեջանի ռազմական ուժերի դիրքերի վրա և ինչի արդյունքում՝ հայկական կողմն ունեցել է  կորուստներ։


«Մենք հենց հիմա պահանջում ենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները գան, քննեն այդ միջադեպը: Խոսքը ԵԱՀԿ առաքելության մասին է: Եթե փաստեր ունի Ադրբեջանը, թող ցանկացած փաստ ներկայացնի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Նշենք, որ ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանական զինուժը նախապես կանխել է հակառակորդի մոտեցումը, և «որ սադրանքի ժամանակ հատուկ ջոկատի հրամանատար Տիգրան Սիմոնյանը ոչնչացվել է մի քանի այլ զինծառայողների հետ»։

 

Ինչ վերաբերում է նրան, թե կա՞ Տիգրան Սիմոնյան անուն-ազգանունով զոհված, ՊՆ մամուլի խոսնակը ասաց. «Քննչական ծառայությունը, Տիգրան Սիմոնյան անուն-ազգանունով զինծառայողի մահվան մասին հայտարարություն արել է»:


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցներից հրազենային վնասվածքներ ստանալու արդյունքում:


Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Վայ, որ լիներ, կանեին»: