Ծառուկյանին ով որ «ծնել է», իրենք էլ պետք է պատասխան տան ու ներողություն խնդրեն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

13:20 • 13.02.15

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարեց, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:


«Ուզում եմ աստվածաշնչյան մի առակ հիշեցնել՝ «Անառակ որդու վերադարձը». զուգահեռները գուցե շատ տեղին չեն, բայց այդ դավաճան որդին եկավ հետ, երբ որ ոչինչ չուներ, ոչ թե մտափոխվեց, Աստված եկավ իր աչքին, չէ, ամբողջը կորցրեց, հետո եկավ ընկավ հոր ոտքերը: Քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանը չի Ծառուկյանին ծնել, բայց վերցրեց իր վրա պատասխանատվությունը՝ ներողություն հայցելով նաև իր գործընկերներից վերջին տարիների հանդուրժողականության համար: Ծառուկյանին ով որ ծնել է, բոլորս լավ գիտենք, իրենք էլ պետք է պատասխան տան ու ներողություն խնդրեն, թե ինչ չարիք են բերել մեր քաղաքական դաշտ»,-ասաց Արմեն Աշոտյանը:


Նա Գագիկ Ծառուկյանին որակեց որպես հրեշ, որը երկար ժամանակ կոլբայի մեջ էր:


«Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ էր: Ծաղկաձորյան համաժողովին դուրս եկավ, բայց բախտներս բերել է: Ես էլի եմ ասել, 7 ամսական է, լրիվ կենսունակ չէ, հետևաբար քանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են սարքում»,-ասաց նա: