ԼՂ հարցի որևէ լուծում չի կարող լինել հիմնված բռնությունների կամ պատերազմի վրա. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով երկրորդ օրն է, ինչ աշխատում է Հայաստանում, այսօր հանդես եկավ իր առաջին մամուլի ասուլիսով:
Նա նախ հայերեն ողջունեց բոլոր ներկաներին, այնուհետև ասաց, որ երբ Հայաստանը նոր էր ձևավորվում որպես անկախ պետություն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում պատասխանատու է եղել Հայաստանի հետ կապված հարցերով: Դեսպանն ընդգծեց, որ ինքն ուրախ է, որ ստանձնել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի աշխատանքը:
«Առավոտյան իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ Նախագահին և ասացի, որ առաջին շաբաթներին ու ամիսներին ես ուզում եմ ավելի շատ լսել, սովորել, գաղափարներ իմանալ ու կարծիքներ իմանալ այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերութունները, ինչպես հասնել մեր նպատակներին»,-ասաց նա:
Նորանշանակ դեսպանին ուղղված առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հարցին, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում և ի՞նչ է իր համար Ադրբեջանը, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄ-ն պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը: Որևէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա, մեզ համար անհանգստացնող էր լարվածությունը և այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձևավորվում էր: ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»:
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ հարկ է նշել, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական գործունեություն է, և այն չի կարող որևէ մեկին որևէ բան պարտադրել:
«ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսևորում դատապարտելով, քանի որ դա հանդիսանում է կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
«Մենք մեր գործընկերներ պետություններին ասում ենք ու մատնանշում, որ հակամարտության լուծման միայն խաղաղ լուծում կարող է լինել և Մինսկի խմբի շրջանակում»,-ասաց նա:










