Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է. Թոմաս դե Վաալ

13:17 • 13.02.15

Այս տարի կլինի՞ պատերազմ Լեռնային Ղարաբաղում: 1994 թվականին կնքված հրադադարից հետո ամեն տարի այդ հարցի պատասխանն է՝ «ո՛չ», գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

 

Վերլուծաբանի խոսքով՝ հայերն ու ադրբեջանցիները շփման գծում փոխանակվել են կրակոցներով և սպառնալիքներ հնչեցրել, այնուամենայնիվ ոչ մի կողմն իրավիճակը խորացնելու ցանկություն չի ցուցաբերել:

 

Այս տարի ահազանգերն ավելի մտահոգիչ են: Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԵԱՀԿ-ն երկու շաբաթվա ընթացքում անհանգստություն հայտնող իր երրորդ հայտարարությամբ հանդես եկավ: Հունվարը, սովորաբար, հանգիստ ամիս է շփման գծում, բայց այս անգամ գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր, գրում է հեղինակը:

 

Վերլուծաբանի կարծիքով՝ պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները նույնն են մնում: Նա նշում է, որ պատերազմն աղետալի վնաս կհասցնի բոլորին:

 

Դե Վաալի համաձայն՝ Ադրբեջանը, պատերազմում պարտված կողմ լինելով, ավելի շատ դրդապատճառ ունի պատերազմ սկսելու համար, ինչը, սակայն, ռիսկային նախաձեռնություն կարող է լինել, և գործողությունները կարող են տապալվել, ինչն էլ իր հերթին կսասանի իշխող վերնախավի դիրքերը:

 

Նա նշում է, որ չնայած տրամաբանությունն աշխատում է, բայց շփման գծում սխալ հաշվարկների հետևանքով պատերազմի վտանգը մեծանում է:

 

Հիշեցնելով երկու կողմերի միջև գրանցված վերջին միջադեպերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արձագանքը՝ Թոմաս դե Վաալը գրում է. «Այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի սպառնալից է դարձնում՝ անգամ առանց նշելու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների բացասական հետևանքները և մռայլ աշխարհաքաղաքական կոնտեքստը: Անհրաժեշտ է շտապ ուշադրություն հատկացնել՝ մինչև ամենաուշը ամառ իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար»:

 

Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է. Թոմաս դե Վաալ