Ինչպես նորաձև լինել բռնապետության պայմաններում. Daily Mail-ի անդրադարձը հյուսիսկորեացի կանանց (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեան, անշուշտ, այն երկրներից չէ, որոնք մտազուգորդվում են նորաձևության հետ:
Սակայն, ըստ բրիտանական Daily Mail պարբերականի, բռնապետությունում տեղի է ունեցել «ոճային հեղափոխություն»` շնորհիվ այնտեղ շատ սիրված երաժշտական Moranbong Band խմբի ու երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի երիտասարդ կնոջ:

Աղբյուրը նշում է, որ մայրաքաղաք Փհենյանում միջին խավի իգական սեռի ներկայացուցիչները սկսել են նորաձև հագնվելու փորձեր անել` կրելով ծնկից վեր կիսաշրջազգեստներ ու բարձրակրունկներ: Այնուհանդերձ, այստեղ դեռևս անհնար է հանդիպել որևէ մեկին, ով ջինս է կրում:

Moranbong Band-ը ոչ միայն դրդել է հյուսիսկորեացի կանանց վերանայել իրենց զգեստապահարանը, այլև նոր շունչ հաղորդել սանրվածքին ու դիմահարդարմանը:

«Ոճային հեղափոխության» հարցում իր դերակատարումն ունի նաև երկրի «առաջին տիկինը», ում բրիտանական պարբերականը համեմատում է մշտապես նրբաճաշակությամբ փայլող դքսուհի Քեյթ Քեյթ Միդլթոնի հետ:

Նա մշտապես ներկայանում է կանացի կոստյումներով, գեղեցիկ պայուսակներով ու զարդերով, որոնք ոգեշնչում են հասարակ կանանց ևս այդպես հագնվել:
















