Ծառուկյանի հայտարարությունները չեն կարող օգուտ տալ էս երկրին. մարզպետներ

11:00 • 15.02.15

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ  երկում նոր իրավիճակ է ստեղծվել։ «Ես ամբողջովին կողմ եմ երկրի Նախագահի առաջադրած մոտեցումներին ու կարծում եմ, որ հանրությունը վաղուց էր սպասում նման մոտեցման, որն իմ կարծիքով ինչ-որ տեղ էլ ուշացած էր։ Որպես ՀՀ քաղաքացի ես կանգնած եմ  ՀՀ նախագահի կողքին»,- ասաց նա և հավելեց, թե չնայած դրան՝ Նախագահը բացատրել էր, թե փորձել է այդ ամենը հասկանալու համար Ծառուկյանին ժամանակ տալ, բացատրել։


Ինչ վերաբերվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխան հայտարարությանը, ապա Սարգիս Սահակյանը նշեց, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում Ծառուկյանի հայտարարությունը։ Թե ինչքանով է իրատեսական համարում արտահերթ ընտրությունների գնալու հայտարարությունը՝ մարզպետը պատասխանեց, թե դա անիրատեսական է. «Այսօր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, շատ լավ ճանաչում է ով ով է, մեկ տարի առաջ իր քվեն տվել է երկրի Նախագահին ու 4 տարի հետո էլ նույն ժողովուրդը  կարծում եմ էլ ավելի շատ քվե նորից տալու է Հանրապետականին, որովհետև էս երկրի համար մենակ ՀՀԿ-ն է մի բան արել»։


Սարգիս Սահակյանը բերեց իրենց մարզի օրինակը. «Ես էս 20 տարի է այս մարզում եմ աշխատում, ու չեմ տեսել, որ այս մարզում ինչ-որ քաղաքական ուժ քարը քարի վրա դրած լինի։ Մի դպրոցում 10 պատուհան գոնե փոխած լինեին»։


Իսկ այն, որ բարեգործ համարվում է հենց ԲՀԿ ղեկավարը՝ մարզպետը նշեց, որ այդ տպավորությունը գալիս է գովազդի պակասից։ «Հանրապետականն իրեն գովազդելու կարիք չունի, ՀՀԿ-ն գործի մարդ է, երկրի Նախագահն արդեն յոթ տարի է ղեկավարում  և կոնկրետ  մեր մարզում 120  դպրոցից 87 դպրոց հիմնովին բարեկարգվել ու հիմնանորոգվել է, իսկ դա մենք  չենք գովազդում։ Այս մարզում  միայն անցյալ  տարի 2014թ-ին  42 մլրդ գումար է ներդրվել, իսկ սկսած մեր անկախության տարվա հռչակումից մինչև 2008թ-ը մեր մարզում ներդրվել է 18 մլրդ դրամ փող, այսինքն՝ այդ 17 տարվա ընթացքում 18 մլրդ  է ներդրվել։ Մենք մեզ գովազդելու  կարիք չունենք, ժողովուրդը շատ լավ տեսնում, հասկանում է»,-ասաց նա։


Մարզպետի խոսքով՝ ՀՀ Նախագահի շնորհքն է, որ այսօր Հայկական բանակն ամենից մարտունակն է տարածաշրջանում. «Ի՞նչ են արել իրենք բանակի համար, ամենամարտունակ  ու հզոր բանակն է տարածաշրջանում, 2008թ-ին մենք եկել ենք իշխանության, սկսել է  համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հունաստանի նման երկիրը մինչև այսօր չի կարողանում  իր տնտեսությունը կառավարել, ու փառք ու պատիվ երկրի Նախագահին, որ անցնցում անցկացրեց բոլոր փորձությունները»։


Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի կարծում, որ իրավիճակ է փոխվել և ըստ այդմ էլ բացատրություն տալու կարիք չի զգում. «Ի՞նչ նոր իրավիճակ, նախագահն իր ելույթում ասաց, որ յուրաքանչյուր  մարդ իր գործով պետք է զբաղվի, ինչի՞ մասին է խոսքը»։ Մարզպետը մնացած հարցերին հրաժարվեց պատասխանել՝ խնդրելով հարցերը գրավոր ուղարկել։


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ընդամենն իրերն իրենց անուններով կոչելու խնդիր է դրվել և անհրաժեշտություն չկա խոսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության մասին։  «Գագիկ Ծառուկյանի ոչ թե քաղաքական գործիչ կամ երևույթի մասին պետք է խոսենք, այլ Նախագահը խոսեց որպես Սահմանադրության երաշխավոր, ասաց, որ մեր  երկրում ապրող ցանկացած երևույթ պետք է օրինապաշտ լինի, ընդամենը դրա մասին էր Նախագահի խոսքը։ ԱԺ-ում ընդունված կարգ կա, որ պատգամավորը պետք է մասնակցի բոլոր նիստերին, ուրեմն պետք է մասնակցի, ի՞նչ կա դրա մեջ որ։ Կամ եթե մարդն անվտանգության խորհրդի անդամ է, ուրեմն անվտանգության նիստերին պետք է մասնակցի։ Կամ ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը, եթե հարկային պարտավորություններ ունի, ուրեմն պետք է կատարի»,- ասաց նա։


Իսկ թե ինչու հենց հիմա անհրաժեշտություն գտավ խոսելու այդ բացերի մասին, Սուրիկ Խաչատրյանը  նշեց, թե երբ էլ այդ հարցն առաջանար այդ հարցը պետք է տրվեր։


Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի պատասխանին, թե արտահերթ ընտրությունների պետք է գնան, Սյունիքի մարզպետը նշեց, որ չի կարծում, որ հնարավոր է նոր արտահերթ ընտրություններ լինեն. «Չեմ էլ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունները կարող են օգուտ տալ էս երկրին»։


Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե գնալու է մինչև վերջ, մինչև հաղթանակ, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Երևի Գագիկ Ծառուկյանն ուզում է «վա բանկ» գնա, այսինքն՝ երևի մեր Նախագահին չի ճանաչում»։


Իսկ, թե այս պարագայում ինչու է անտեսվում Ծառուկյանի բարեգործ լինելը, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Իսկ էս երկրում ո՞վ չի  բարեգործ, սաղս էլ  բարեգործ ենք էլի, եթե մեր երկրի համար երկու կոպեկ  ներդրում ենք անում, դա նշանակում է, որ անպայման երկիրը մեզ պարտական է, հա՞»։


Ի դեպ, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը խուսափեց պատասխանել մեր հարցերին՝   պատճառաբանելով, որ հարմար չի։ Լոռու, Շիրակի մարզպետները նշեցին, թե զբաղված են։