Այլևս որևէ բան էական չէ, բացի այն, որ մոբիլիզացնենք մնացած մարդկանց, որ աշխատեն հանուն համոզմունքի. Տ.Ուրիխանյան
Այլևս որևէ բան կարևոր չէ, բացի նրանից, որ ԲՀԿ խմբակցությունում մնացած հնարավորություններն ու մարդիկ մոբիլիզացվեն ու մարդիկ շարունակեն աշխատել հանուն համոզմունքի:
Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե կիսում է այն մոտեցումը, որ ԲՀԿ-ին դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ից, իհարկե, բառի փոխաբերական իմաստով։
«Ես արդեն իսկ հայտնել եմ, որ այդ հարցի հետ կապված ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ: Եվ ըստ իս, այլևս որևէ բան էական չէ, բացի մեկ բանից, որ անհրաժեշտ է շարունակել մոբիլիզացնել այն ուժերը, որ դեռ հնարավոր է՝ մնացած լինեն, մարդկանց, որոնք դեռ մնացել են և որոնք կաշխատեն հանուն համոզմունքի: Ինձ, անկեղծ ասած, որևէ այլ բան չի էլ հետաքրքրում այս պարագայում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի պատասխան հարցի,թե Վարդան Օսկանյանի՝ կուսակցության նախագահ դառնալու տեղեկությունը որքանով է հիմնավորված, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Հիմնավորված չէ»:
Կուսակցության համագումար նախատեսվա՞ծ է. այս հարցին ի պատասխան էլ, Տիգրան Ուրիխանյանը հորդորեց սպասել «պաշտոնական տեղեկատվության»:
«Ոչ մի ասեկոսեների հետևից մի ընկեք»,- ասաց նա և հարցին էլ, թե փաստորեն, չբացառեց, Ուրիխանյանը նկատեց. «Ես չտվեցի Ձեզ ոչ մի պատասխան և հիմա բացառում եմ ամեն ինչ, բացի նրանից, ինչ պաշտոնապես Ձեզ կհայտնեմ»:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ոչ մի հարց, ենթադրություն հիմա տեղին չէ: «Ոչինչ չի լինելու այնպես, ինչպես կարող է խոսվել կամ ենթադրվել: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես պաշտոնապես կորոշվի»,- ասաց Ուրիխանյանը:










