Ինձ այլևս իրավասու չեմ համարում հանդես գալ ԲՀԿ-ի անունից. Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալու «Բարգավաճ Հայաստանի» անունից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տիգրան Ուրիխանյանը, ում իր այս պատասխանից հետո հարցրեցինք, թե նա այլևս ԲՀԿ մամուլի քարտուղա՞րը չէ:
«Ես ընդամենը մեկ ձևակերպում տվեցի: Որ հրաժարված լինեի, կասեի՝ հրաժարվել եմ, ես ասում եմ, որ այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Արձագանքելով դիտարկմանը, որ շատ բարդ է իր պատասխանը, նա ասաց. «Դե, քաղաքականությունը շատ բարդ է բա….Ես կրկնում եմ՝ հայերենով, կիրթ հայերենով ձևակերպումներ տվեցի»:
Իսկ Տիգրան Ուրիխանյանին զանգահարել էինք «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ «Հայ ազգային կոնգրեսի» և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև համագործակցության հետագա ընթացքը կախված է ԲՀԿ-ից ու մանրամասնել, թե ինչ նկատի ունի։
Նրա խոսքով՝ վերջին զարգացումներից հետո մի շարք կարևոր հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալվում է ստանալ ԲՀԿ-ից. «Ի՞նչ որակով, ի՞նչ քանակով, ի՞նչ ուժգնությամբ ու ռեսուրսով են շարունակելու պայքարը ռեժիմի դեմ: Մենք ժամանակ պետք է տանք ԲՀԿ-ին, մինչև այդ հարցի պատասխանն ինքը որոշի և տա: Մինչ այդ մենք չպետք է միջամտենք այդ պրոցեսին, մենք մեր գործը անելու ենք՝ մենակ, թե դաշնակիցների հետ»։










