Լարսում հայկական բեռների համար կանաչ ուղի կգործի

10:07 • 12.03.15

Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղևորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան։ Մեկ ամսվա ընթացքում հայկական և ռուսական կողմերի կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը։

 

«Որպեսզի հնարավորինս այդ պրոցեսն արագացվի: Մեկ ամսվա ընթացքում մեր և իրենց կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե ինչքանով մեր բեռները և ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետերը, որպեսզի այն, ինչ մենք ասում էինք, որ ԵԱՏՄ-ին միանալուց հետո մենք ավելի ազատ և հեշտ կներթափանցենք շուկաներ, դա ապահովվի»,–հավելեց նա։


Սուրեն Կարայանը նաև հավելեց, որ օրերս ռուսական կողմի և  Էկոնոմիկայի նախարարության և մաքսային, հարկային և էներգետիկայի նախարարության մեր ներկայացուցիչների հետ նավթամթերքների արտահանմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:


«Ինչպես գիտեք, 2013-ի դեկտեմբերի Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց երկկողմանի համաձայնագիր, որը վերաբերում էր նավթամթերքներին և չմշակված ադամանդի հումքին, որ այդ ապրանքների գծով արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվելու: Սակայն կար խնդիր, մասնավորապես նավթամթերքների որոշ խմբերի մասով, որ օգտագործվում է «Ռուսալ Արմենալի» կողմից որպես հումք, և խնդիր է բարձրացվել այդ կազմակերպության կողմից, որ ռուսական կողմը չի տրամադրում այդ հումքը, հեղուկ նավթային պարաֆինը` առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի»,- ասաց Սուրեն Կարայանը:


Նրա  տեղեկացմամբ` հարցը ևս բարձրացվել է  և ՌԴ էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունների հետ համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շատ կարճ՝ ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում այդ ապրանքատեսակն այսօր Հայաստան կառաքվի առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի:


Անդրադառնալով հարցին, որ  հաշվի առնելով, որ հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել, փոխնախարարը նշեց, որ դեռ վաղ է ցուցանիշներից խոսելը, դա պահանջում է որոշակի ժամանակահատված:

 

Հայտնի է, որ ԵԱՏՄ անդամակցության արդյունքում որոշ ապրանքների վրա մաքսատուրքեր են ավելանալու. բանակցվել են 1800 ապրանքներից 750-ը, որպեսզի մաքսատուրքերը 2-5 տարի չփոփոխվեն:

 

Ի պատասխան հարցի, թե քանի որ չբանակցվածների թվում են հագուստի, օծանելիքի որոշ տեսակներ, ապա կա՞ն տվյալներ, որ նրանց ներկրումը պակասել է, Սուրեն Կարայանը հիշեցրեց, որ կառավարությունն ի սկզբանե որոշել էր պահպանել այն ապրանքների դրույքաչափերը, որոնք ունեին առաջին հերթին սոցիալական մեծ նշանակություն, կամ որոնց գների թանկացումը կարող էր ազդել լայն զանգվածների վրա: Հիշեցնենք, որ երկրորդ խումբը, որ ներառած էր ցանկում, այն ապրանքներն են, որոնք հումք են հանդիսանում ՀՀ արտադրողների համար:

 


«Մնացած ապրանքների մասով դեռ գների բարձրացման կտրուկ արձանագրումներ չկան, բայց միգուցե ավելի մանրամասն պետք է նայել վիճակագրությունը»,- ի պատասխան ասաց Սուրեն Կարայանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սուրեն Կարայանին ԱԺ-ում հարց ուղղեց «վարունգի օդեկոլոնի» մասին։


Ի պատասխան հարցի, թե թանկացում այնուամենայնիվ, լինելո՞ւ է, Սուրեն Կարայանը կրկնեց. «Ես ԱԺ-ում էլ  իմ պատասխանը տվեցի, որ 2015-ի հունվարի մեկից հետո, այո, մասնավորապես, պարֆյումերիայի մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում է տեղի ունենալու, ինչը դեռ չի նշանակում, որ դա կբերի շուկայում գների աճի»:


Ի պատասխան էլ հարցի, թե ինչու, փոխնախարարը նկատեց. «Ինչո՞ւ, որովհետև գինը որոշում է շուկան՝ առաջարկի և պահանջարկի օրենքով։ Հնարավոր է, որ ներկրողները մաքսատուրքը ներառեն իրենց շահույթի մեջ, և երկրորդ՝ հնարավոր է, որ նույն իտալական կամ ֆրանսիական ապրանքները ներմուծվեն ԵԱՏՄ-ից, մասնավորապես, Ռուսաստանի շուկայից»:


Հիշեցնենք, որ «Բուրմունք» ցանցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանից հարցրել էինք, թե Ղազախստանից, Բելառուսից և ՌԴ-ից օծանելիքի ինչ տեսականի կարող է ներկրվել Հայաստան. նա ասել էր, որ տեղյակ է միայն ՌԴ-ում արտադրվող «Չիստայա լինիա» անվանմամբ օծանելիքից: 


Սուրեն Կարայանը անդրադարձավ նաև շաքարավազի և հացահատիկի ներկման հետ կապված հնարավոր բարդություններին՝ նշելով. «Շաքարավազի հետ կապված որևիցե խնդիր չկա, շաքարավազը մենք վերցրել ենք այն բացառությունների ցանկի մեջ, որոնց մասով առաջիկայում մաքսատուրքի դրույքաչափի փոփոխություններ տեղի չեն ունենալու»։


Իսկ ինչ վերաբերում է ցորենի ներկրման հետ կապված խնդիրներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականից հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ցորենի արտահանման համար կիրառել մաքսատուրքեր, ապա Սուրեն Կարայանը չթաքցրեց, որ մի շարք խնդիրներ ի հայտ էին եկել, և դրանցից առաջինն այն է, որ Ռուսաստանից դեպի Հայաստան եկող ցորենի նկատմամբ ռուսական կողմը փորձում էր պահել արտահանման մաքսատուրքին համարժեք գումար՝ որպես ապահովագրություն, որպեսզի այդ ցորենը հասնի Հայաստան, և նոր այդ գումարները կվերադարձվեն արտահանող կազմակերպությանը:


Սա  խնդիր է առաջացնում Ռուսաստանից Հայաստան ցորեն ներկրող  տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ նրանք ստիպված էին լինում այդ չափով գումարներ սառեցնել:


Սուրեն Կարայանը մանրամասնեց, որ Մոսկվա վերջին այցի ընթացքում ՌԴ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Լիխաչևովի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև այս հարցը, ներկայացվել, թե այն մեր շուկայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել, և ի վերջո այն կարգավորվել է:


Այսինքն՝ Հայաստան արտահանվող ցորենի համար այլևս չի պահանջվի արտահանող ապրանքի մաքսատուրքին համարժեք գումարների սառեցում:

 

 

 

Լարսում հայկական բեռների համար կանաչ ուղի կգործի