Սիրիահայերի համար իրականացված անվճար խորհրդատվության ծրագիրը սպասվածից ավելի արդյունավետ էր. Զ. Մեղրյան

15:00 • 15.03.15

ՀՀ փաստաբանների պալատը և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը դեռևս մեկ տարի առաջ սիրիահայերին ներկայացրին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»: Մինչ ձեռնարկը ներկայացնելը կար «Սիրիահայերի իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը, որն ունեցել է երկու փուլ: Ծրագրի գաղափարը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանինն է:

 

Tert.am-ի հետ զրույցում Մեղրյանը մանրամասնեց, որ առաջին փուլում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում այն սիրիահայերին, որոնք դրա կարիքն ունեն:

 

«Հետագայում շոշափված հարցերի և մեր մոնիտորինգի արդյունքների ամփոփմամբ ձևավորեց մի ձեռնարկ՝ հարցուպատասխանի տեսքով, որպեսզի սիրիահայերն ունենան մի ձեռնարկ, որը կարող են մշտապես օգտագործել»,-ասաց Զինավոր Մեղրյանը՝ նշելով, որ ծրագրին մասնակցել են շուրջ 70 սիրիահայեր, անվճար խորհրդատվություն են ստացել, որոշ պարագաներում եղել են նաև դատական ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանների պալատն անվճար փաստաբաններ է տրամադրել սիրիահայերին, իրենց դատական գործերի շրջանակներում:

 

Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակն առաջարկել  է իր աջակցությունը և Փաստաբանների պալատի հետ համատեղ ստեղծել են ձեռնարկը, որը քառալեզու է՝ արևմտահայերեն, արևելահայերեն, արաբերեն և անգլերեն:

 

Զինավոր Մեղրյանն ասաց, որ սիրիահայերի կողմից տրվող հարցերը տարբեր են՝ բիզնես ոլորտ, քաղաքացիություն, անշարժ գույք, այսինքն՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՀՀ քաղաքացիներին, հետաքրքրում են և նրանց:


«Մեր ամենակարևոր նպատակն այն է, որ այս ձեռնարկի մասին տեղեկատվությունն ավելի շատ տարածվի, որպեսզի սիրիահայերն ինչպես իրենց կենտրոններում, այնպես էլ Փաստաբանների պալատից և ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակից կարողանան վերցնել անվճար ձեռնարկները»,-ասաց Զինավոր Մեղրյանը:


Նրա խոսքով՝ ի սկզբանե իրենց մոտ տպավորություն է եղել, որ ավելի շատ խնդիրները վերաբերելու են քաղաքացիությանը, կեցության կարգավիճակներին, անձնագրի հետ կապված խնդիրներին: Սակայն աշխատանքները ցույց են տվել, որ հարցերի շատ մեծ շրջանակ է շոշափվում` բիզնես, վարձակալության պայմանագրեր, կազմակերպությունների գրանցում:

 

«Այդուհանդերձ, հիմնականում խնդիրներն առնչվել են սիրիահայերի կեցության կարգավիճակներին ՀՀ տարածքում»,-տեղեկացրեց Մեղրյանը:

 

Հարցին, թե մարզերում բնակվող սիրիահայերն ինչպե՞ս կարող են տեղեկանալ ինչպես անվճար խորհրդատվության, այնպես էլ ձեռնարկի մասին, Զինավոր Մեղրյանը պատասխանեց. «Մինչև ձեռնարկի մեկնարկելը մենք փաստաբանների պալատում հավաքել ենք սիրիահայ համայնքի առավելապես ակտիվ ներկայացուցիչներին, ներկայացրել ենք ծրագիրը և խնդրել ենք, որպեսզի իրենք էլ իրենց խողովակներով այդ ինֆորմացիան տարածեն սիրիահայերի շրջանում՝  ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս»:

 

Որպես օրինակ Զինավոր Մեղրյանը նշեց Գյումրիում դանակահարված երկու սիրիահայ երիտասարդների հարցը, որի շրջանակներում  քրեական գործ էր հարուցվել:

 

Փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ Զինավոր Մեղրյանը և Տաթև Շահուդյանը միասին այցելել են Գյումրի, հանդիպել իրենց հետ, իրենց տրամադրվել  է հանրային պաշտպան, այսօր իրենք պաշտպան ունեն, որը ներկայացնում է երկու սիրիահայ երիտասարդների շահերը:

 

«Եթե խնդիր կա և սիրիահայը չի կարողանում մարզից այցելել Երևան՝ ծրագրի գրասենյակ, մենք առաջարկում ենք, որպեսզի իրենք այցելեն տվյալ մարզում հանրային պաշտպանի գրասենյակ և ստանալ որակյալ իրավական խորհրդատվություն և եթե կարիք կա՝ դատական ներկայացուցչություն»,-ասաց Մեղրյանը:

 

Վերջում Զինավոր Մեղրյանը նշեց, որ իրենց սպասածից էլ ավելի շատ արդյունավետ է եղել ծրագիրը:

 

«Արձագանքները  մեզ համար հստակ ցուցանիշ են արձանագրելու, որ ծրագիրն իսկապես ծառայել է իր նպատակին: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագիրը 3 ամսով կլինի, սակայն այն տևել  է մեկ տարի: Պաշտոնապես ծրագիրը չի գործում, բայց երբ սիրիահայերն այցելում են փաստաբանների պալատ, շարունակում ենք իրենց անվճար խորհրդատվություն տրամադրել, հարկ եղած դեպքում նրանք օգտվում են նաև մեր ծառայություններից»,-ամփոփեց Մեղրյանը: