Եգիպտուհին 43 տարի տղամարդ է ձևացել աշխատանք ունենալու համար
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի բնակչուհի Սիսա Աբու Դաուհին, ով 43 տարի տղամարդ է ձևացել` աշխատանք ունենալու համար, եգիպտական իշխանությունները պարգևատրել են «կատարյալ մայրության» համար:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Al Arabiya News-ին հղումով, ծննդաբերությունից ամիսներ առաջ այրիանալով` կինը մնացել է առանց որևէ միջոցների և ստիպված է եղել ամեն օր տղամարդու հագուստ հագնել, որպեսզի կարողանա գումար վաստակել երեխային պահելու համար: Նա ստիպված էր այդպես վարվել, քանի որ Եգիպտոսում երկար ժամանակ չէր թույլատրվում կանանց աշխատանքի վերցնել:
Տարբեր տարիներին 64-ամյա եգիպտուհին աշխատել է աղյուսի և ցեմենտի բեռնափոխադրման ոլորտում և զբաղվել է շենքերի կռուցմամբ: «Ինձ ծուռ հաացքներից պաշտպանելու և ավանդույթների զոհ չդառնալու համար որոշեցի տղամարդու կերպարով ներկայանալ և աշխատել հարևան քաղաքներում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում», - պատմել է կինը:
Տղամարդու կերպարի մեջ մտնելու համար եգիպտուհին երկար, լայն թևքերով գալաբեա է հագնում: Գլխին սպիտակ չալմա է կրում և տղամարդու կոշիկներ կրում:
Վերջին տարիներին նա Լուքսորում կոշիկ է մաքրում: Դստեր խոսքով` մինչ օրս մայրն է պահում իրենց:










