Քանի որ մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական խնդիր է. Գ. Սահակյանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Խնդիրը հետևյալն է, որ պետությունների փոխհարաբերություններում ընդհանրապես երրորդ պետությունները մասնակից չեն լինում, բայց քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական տեսակետից այստեղ խնդիրներ կան։
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ ռուս լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը, որ ՌԴ-ի կողմից ԼՂ հակամարտության կողմերին զենքի վաճառքի խնդիրը պետք է լուծում ստանա։
Գալուստ Սահակյանն ասաց նաև, թե չի կարծում՝ դա «քաղաքական բարդ խնդիր է լուծումների համար»։
ԱԺ նախագահը նշեց, թե ՀՀ Նախագահն իրողությունը հետևյալ ձևով ներկայացրեց, որ միևնույնն է, եթե ՌԴ-ն զենք չվաճառեր Ադրբեջանին, Ադրբեջանը այն ձեռք կբերեր մի ուրիշ պետությունից, բայց այլ բան է, երբ մեր զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան՝ մի այլ պետության։
«Այստեղ հարցը նրանում է, որ ավելի շատ էմոցիոնալ, հոգեբանական խնդիր ունի մեր ժողովուրդը, իրավական տեսակետից ցանկացած պետություն կարող է համագործակցության իր աստիճանն ինքը որոշել»,-ասաց նա։
Իսկ թե ինչու հիմա եղավ բարձրաձայնելու անհրաժեշտությունը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ խոսակցությունները միշտ էլ եղել են, ուղղակի այս դեպքում հարցը ներկայացրել են և Նախագահը պատասխանել է։
Հարցին, թե ՌԴ-ի կողմից բացասական ռեակցիայի մտավախություն չկա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ մեր ժողովրդից այդ ստրկական հոգեբանությունը, մտայնությունն իսպառ վերանա»։










