Ադրբեջանին հանձնված զինվորի արարքի պատճառը պետք է որոնել նրա ընտանեկան պայմանների մեջ. Ս. Օհանյան
Ադրբեջանին հանձնված Անդրանիկ Գրիգորյանի արարքի պատճառը պետք է գտնել նրա ընտանեկան պայմաններում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ծառայողական քննություն է նշանակված, նաև քրեական գործ է հարուցված, ընթացքում ամեն ինչ կպարզվի, եթե մենք կարողանանք, քանի որ նա այստեղ չէ, ընտանիքի միջոցով, մերձավորների միջոցով, այս ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, հանրությանը կներկայացնենք»,-լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը։
Ծառայության ընթացքում ճնշումների առկայության մասին, ինչի մասին գրվել էր մամուլում, Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե ճնշումներ եղել են, ապա ընտանիքում են եղել, և նախնական կարող եմ ասել, որ իր և իր ծնողների միջև լարվածություն է եղել: Ամեն ինչ կբացահայտվի, եկեք այսօր մենք չզբաղվենք այդ կանխատեսումներով»։
Պաշտպանության նախարարը բացառեց բանակում նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը՝ նշելով, որ նա պայմանագրային զինծառայող էր, ծառայել էր փոքր ստորաբաժանումում, որը զբաղված է մարտական ապահովմամբ, և այս ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերությունների խախտումներ շատ քիչ են լինում:
Դիրքերից նրան առևանգելը նախարարը բացառեց՝ ասելով, որ դեպքից տասնհինգ րոպե առաջ այդ վայրում զորամասի հրամանատարությունն է եղել:










