Պերմյակովին ռազմաբազայում դատելն ամբողջապես չի բավարարում գյումրեցիների պահանջները, բայց դա միակ լուծումն է. Շիրակի թեմի առաջնորդ

17:44 • 30.03.15

Ռուսական կողմի վերջին հայտարարությունը` Ավետիսյանների  ընտանիքի 7 անդամների  սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Գյումրու 102-րդ ռազմաբազայի  տարածքում դատելու մասին, ամբողջապես չի բավարարում Գյումրու բնակչության պահանջները, բայց, ցավոք, միակ լուծումն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանյայց առաքելական եկեղեցու  Շիրակի  թեմի առաջնորդ , Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:


«Ամբողջական բավարարված չէ, բայց  կարծում եմ, որ տրամաբանության և իրականության սահմաններում  միակ լուծումն է: Ցավոք, գուցե: Գործի քննության համար երևի  էսպես ավելի նպատակահարմար է»,- ասաց  Շիրակի թեմի առաջնորդը:


Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել էր, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար, կկայանա Հայաստանի տարածքում։ Նշենք նաև, որ նույն հայտարարությամբ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հանդես էր եկել վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։


«Այսօր առանց ավելորդ կոմպլեմենտարության քննչական մարմինն իրականացրել է մեծածավալ աշխատանք: Միայն 4 հազար վկաներ են հարցաքննվել: Ռուսաստանի քննչական մարմինները շատ սերտ համագործակցել են հայաստանյան քննչական մարմինների հետ և, արդեն կարելի է ասել այն մասին, որ հետաքննության մեջ որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ես իրավասու չեմ խոսել այնպիսի բաների մասին, որոնք հասկանալիորեն նախաքննական գաղտնիք են հանդիսանում, բայց դատը կկայանա տեսանելի ապագայում: Ինչպես հայկական կողմն է խնդրել, դատը՝ զինվորական տրիբունալը, տեղի կունենա այստեղ՝ Հայաստանի տարածքում, Գյումրիում, բնականաբար։ Դատավճիռը կլինի համարժեք», - ասել էր   Սլուցկին:


Հարցին, էլ, թե   դատավարությունը կընթանա բաց, թե փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացել էր  պատասխանել, այդուհանդերձ նշել էր, որ  որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:


Շիրակի թեմի առաջնորդից տեղեկացանք նաև, թե արդյոք  քաղաքում այն ցավը, ցնցումը, որ կար, երբ տարեսկզբին տեղի ունեցավ Ավետիսյանների զարհուրելի ոճրագործությունը, հաղթահարվել է, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նկատեց, որ գյումրեցիները շատ տոկուն և դիմացկուն ժողովուրդ են:


«Գյումրեցիները երկրաշարժ են հաղթահարել,  12 000 մարդու կորուստ են հաղթահարել, այնպես որ, այս կորուստն էլ կհաղթահարեն: Եվ արդեն հաղթահարել են»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:


Ավետիսյանների սպանված հարսի հոր` Անդրանիկի շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը  Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, փաստորեն, ռուսական կողմը հայտարարել է, որ ինչպես կուզեն, այնպես  էլ գործընթացը կիրականացնեն և Հայաստանին փորձում են զրկել  դատական այդ պրոցեսին լիարժեք մասնակցությունից: Նա նաև հիշեցրեց, որ Սլուցկին  այլ հայտարարություններ էլ է արել:


«Եվ եթե շատ խնդրենք, կարող է թույլ տան ներկա գտնվենք»,- ասաց Արթուր Սաքունցը և ավելացրեց. «Այս վերջին պատվիրակությունն ասես հատուկ եկել էր  Պերմյակովի գործով ինչ-որ որոշումներ հրապարակայնացնելու համար և այդ թվում, որ ՀՀ կառավարության խնդրանքով է նախաքննությունը  և դատաքննությունն իրականացվելու ՀՀ տարածքում: Եվ նաև ուրիշ այլ միտք էին արտահայտել, որ  եթե նույնիսկ դատական  նիստերը փակ լինեն, այսինքն` անհասանելի լինեն տուժողների իրավահաջորդների կամ նրանց շահերի ներկայացուցիչների,  կամ հայ հասարակության համար, ապա դատական վճիռը կլինի դռնբաց»:


Իրավապաշտպանը  հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, որ Ավետիսյանների գործով  սպանության  քննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից և նախաքննության ավարտից հետո  նյութերն ուղարկվելու են Հայաստանի դատարան:


«Մենք Ավետիսյանների սպանության գործով  ռուսական կողմից իրականացվող քննության հետ որևէ առնչություն չունենք: Եվ չենք էլ ուզում ունենալ»,- ավելացրեց Արթուր Սաքունցը:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը  Tert.am-ի հարցին, թե արդյոք դատարան է ուղարկվելու երկու գործ`մեկը  ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող նախաքննության վարույթի իրականացման ավարտին, մյուսը` ռուս իրավապահների, ասաց. «Կարող եմ միայն հավաստել, որ ՀՀ  քննչական կոմիտեի վարույթում քննվող  քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:


Ինչ վերաբերում է հարցին, թե գործը, այնուամենայնիվ, ուղարկվելու  է ՀՀ  դատարան, Սոնա Տռուզյանն ասաց, որ երբ  նախաքննությունն ավարտվի, նյութերն ուղարկվելու են նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


Հիշեցնենք, որ նախկինում հայտարարվել է, թե գործերը հնարավոր է միացվեն:


Եվ ինչպես  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քրեադատավարական իրավունքի մասնագետը, հնարավոր է, որ մեկ գործով երկու  նախաքննություն իրականացվի, սակայն երկու դատավարություն չի կարող իրականացվել, ուստի բնական է, որ ինչ-որ մի փուլում գործերը միացվեն: