Կոմիտասի անվան պանթեոնում Սրբոց Նահատակաց նոր եկեղեցին կկառուցվի նախկինում գոյություն ունեցող եկեղեցու տեղում
Կոմիտասի անվան պանթեոնում կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցին կկառուցվի նույն նախկինում գոյություն ունեցող եկեղեցու տեղում, որը քանդվել է Խորհրդային միության տարիներին:
Այսօր եկեղեցու հողօրհնության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը՝ ընդգծելով, որ նոր եկեղեցին նվիրվելու է Հայոց ցեղասպանության սրբադասվելիք նահատակներին:
«Այս առումով նախագծում նախատեսել եմ, որ եկեղեցու ներքնահարկում պետք է լինի դամբարան՝ մասունքների համար, որովհետև հայկական եկեղեցիները սովորաբար կառուցվում էին սրբերի մասունքների կամ նրանց նահատակության վայրում: Եկեղեցուն կից կգործի մոմավառության սրահ»,-ասաց նա:
Ճարտարապետը նշեց, որ եկեղեցին նախատեսվում է կառուցել սպիտակ քարից՝ ավելի լավատեսական ու հաղթական հուշարձանի տեսք հաղորդելու համար:
Եկեղեցու կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 1000 քմ, իսկ բարձրությունը մոտ 50 մ: Ինչպես նշեց ճարտարապետը, եկեղեցու գմբեթը պետք է տեսանելի լինի դեռ օդանավակայանից մայրաքաղաք տանող ճանապարհից:
«Աշխարհում քրիստոնյա երկրների մայրաքաղաքներում եկեղեցիներ կան, որ քաղաքի համայնապատկերում երևում են, բայց Երևանում այդպես չէ՝ բացառությամբ Սուրբ Սարգսի: Մեր քաղաքի համայնապատկերում չկան եկեղեցիներ, այս եկեղեցին պետք է լրացնի այդ բացը»,-ասաց նա:












