Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունեց հենց Միջազգային եվրոպական շարժումը. Էդուարդո Լորենցո Օչոա

14:23 • 25.04.15

Անչափ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ի թիվս, այլ կառույցների, կազմակերպությունների, պետությունների, ընդունեց նաև հենց Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող  համաեվրոպական կազմակերպություն է:


Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ապրիլի  25-ին  Ռիգայում ընթացող Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն ընդունված  Հայոց  ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ասաց  «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:


«Միջազգային եվրոպական շարժումն առանձնահատուկ դեր ունի Եվրոպայում եվրոպական արժեքների և եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մեջ: Ու  հայտնի է, որ Եվրոպական շարժումը Եվրոպայի խորհրդի հիմնադիրն է: Հույս ունենք, որ Ցեղասպանության իրազեկվածության մասին բարձրացման տեսանկյունից բանաձևն իսկապես շատ կարևոր  հետևանքներ կունենա»,-  ասաց Էդուարդ Լորենցո Օչոան:


Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է միաձայն. «Միջազգային եվրոպական շարժումն իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք  միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝  Եվրոպական  խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ  ԽՎ-ին  (2015թ.),  որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

ՀԵԲ տնօրենը բանաձևի միաձայն ընդունվելու փաստը ևս մեծ ձեռքբերում է համարում, քանի որ կազմակերպությանն անդամակցում են կազմակերպություններ Թուրքիայից և Ադրբեջանից:


«Եվ սա նաև կարող է որոշակի իմաստով դիտարկվել խրախուսանք այն կազմակերպություններին, գիտնականներին ու քաղաքական գործիչներին, նկատի ունեմ` Թուրքիայից, որոնք փորձում են Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնել այս երկրում»,- ասաց նա։


ՀԵԲ նախագահը հայտարարեց նաև, որ հույս ունեն, որ բանաձևի շնորհիվ Միջազգային եվրոպական շարժումը նոր կազմակերպություններով կհամալրվի, մանավանդ, որ շատ մեծ աջակցություն է ստացել անդամ կազմակերպությունների կողմից  և հատկապես՝ Ֆրանսիայի ու Իտալիայի ներկայացուցիչների:


Որպես ամփոփում  Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է «Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու ուղղությամբ սա ևս մեկ քայլ էր, քանի որ Ցեղասպանության ցանկացած զոհ արժանի է պատմական արդարության և  հիշատակության»: