Արքայադուստր Շառլոտի ծննդյան պատվին հուշադրամներ կթողարկվեն Բրիտանիայում

23:57 • 06.05.15

Մեծ Բրիտանիայում մի շարք հուշադրամներ կհատեն` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի  նորածին դստեր պատվին:

Ինչպես հայտնում է Euromag–ը` կիրակի Բրիտանիայի թագավորական դրամահատարանը հրապարակել էր 5 ֆունտ արժողությամբ հուշադրամների պատկերը, որոնք կթողարկվեն մայիսի 2-ին Բրիտանիայի 4-րդ գահաժառանգի ծնվելու առթիվ:


Էլիզաբեթ Երկրորդ թագուհու, արքայադստեր ծնողների և ֆինանսների նախարարի համաձայնությամբ` հուշադրամի վրա շրջանաձև գրված է «Երկրորդ երեխայի ծնունդի պատվին», իսկ կենտրոնում տեղադրված են ծնողների տիտղոսները` «Քեմբրիջի դուքս և դքսուհի»:  Բացի այդ, նշված է այս տարին, երբ տեղի է ունեցել թագավորական ընտանիքի համալրումը:


Թողարկվելու է ընդհանուր առմամբ՝ 500 ոսկյա և 9500 արծաթե հուշադրամ: Հուշադրամներ թողարկվել էին նաև 2013-ին, երբ թագավորական ընտանիքում ծնվեց արքայազն Ջորջը: